Թուրքիան կբացի իր ռազմաբազաներն ԱՄՆ-ի կոալիցիոն օդուժի գործողությունների համար


11:20 , 3 մարտ, 2015

Կոալիցիոն ուժերն ԱՄՆ-ի գլխավորությամբ պատրաստվում են իրաքյան Մոսուլի ռազմագործողությանը, որի նպատակն այդ քաղաքը «Իսլամական պետության» վերահսկողությունից վերցնելն է: Հիմնական ցամաքային գործողություններն իրականացնելու են իրաքյան դաշնային բանակն ու քրդական փեշմերգան: Արդեն որոշ հանգամանքներ են առկա, որոնք ի ցույց են դնում կոալիցիոն ուժերի ռազմագործողությանը նաև Թուրքիայի մասնակցության հնարավորությունը: Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Ի. Յըլմազը հայտարարեց, փաստորեն, կոալիցիային թուրքական կողմի մասնակցության հնարավարության մասին, սակայն, չմանրամասնելով, թե ինչ դերակատարություն կունենա Թուրքիան: Թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերից և Անկարայում առկա քննարկումներից երևում է, որ ամենայն հավանականությամբ Թուրքիան կբացի իր ռազմաբազաները կոալիցիոն օդուժի գործողությունների համար: Առաջին հերթին դա վերաբերում է Ինջիրլիքի ռազմաբազային: Չի բացառվում նաև թուրքական օդուժի մասնակցության հավանականությունը, չնայած պաշտոնական որևէ մեկնաբանություն կամ հաստատում դեռևս չկա: