Չնայած ֆիլմի բարձր պրոֆեսիոնալիզմին՝ չեմ կարծում, որ արժեր այն այստեղ ներկայացնել մասսայական դիտման


00:45 , 1 մարտ, 2015

Ճնշող, տագնապեցնող զգացում, հուսահատություն և ընկճվածություն, թերարժեքության բարդույթ՝ կապված ազգային պատկանելության հետ... Ահա այսպիսի հակասական էմոցիաներ է հարուցում թուրք Ֆաթիհ Ակինի «ՍՊԻ» ֆիլմը: Կարծես այն միտված է էլ ավելի խորացնելու ցեղասպանված ազգ լինելու բարդույթը:
Չնայած ֆիլմի բարձր պրոֆեսիոնալիզմին, չեմ կարծում, որ արժեր այն այստեղ ներկայացնել մասսայական դիտման (օրինակ ֆիլմում վարկաբեկվում է այդ օրերի արևմտահայ մեծահարուստի կերպարը, այնինչ նրանց գերակշռող մեծամասնությունը ազնվական ու ազգանվեր մարդիկ էին, գլխավոր հերոսը ներկայացվում է որպես խեղճ ու անօգնական, հիասթափության պահին քար է շպրտում դեպի երկինք, քարով ջնջում է թևին դաջված խաչը և այլն), էն էլ այն դեպքում, երբ ցեղասպանության 100-ամյակին այդպես էլ մեզ մոտ չստեղծվեց այդ թեմայով որևէ լուրջ ֆիլմ: Իսկ թեմաները շատ են, այդ օրերի ազատագրական պայքարները, ՆԵՄԵՍԻՍԻ ու ԱՍԱԼԱՅԻ վրիժառու գործողությունները, լեգենդար հայ հերոսների կյանքն ու գործունեությունը:
Ոչ մի կերպ չենք կարողանում ձերբազատվել ցեղասպանված ու ստորացված ազգ լինելու բարդույթից, արդի դաժան ու շահամոլ աշխարհից չենք դադարում համառորեն ու ապարդյուն խղճահարությոնւ ու կարեկցանք պահանջելուց:
Այլ որակի գաղափարներ ու քարոզչություն են այսօր մեզ պետք: Օրինակ, թող որ «Նեմեսիսի» մասին հաջողված մի ֆիլմ նկարվի ու ներկայացվի թուրք հանրությանը: Կհանդուրժե՞ն արդյոք նրանք։ Իհարկե ոչ: Հապա մենք ինչի՞ ենք հակառակն անում։