Tert.am-ը գրում է.
Հայաստանը «կուզեկուզ անելով» ոչ մի բանի չի հասնի և պետք է բաց հայացքով նայի «Իսլամական պետության» ձևավորմանը, նրա ազդեցության տարածման հնարավոր բոլոր ուղղություններին:
Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը, ում հարց էր ուղղվել, թե արդյոք Իրաքյան ավիաընկերության Բաղդադ-Երևան-Էրբիլ (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) ուղղությամբ չվերթների բացումը մեր երկրի համար՝ վտանգներ չի պարունակում:
«Մենք, քանի որ դրա մեջ ենք, ուղտ նստած կուզեկուզ ման գալու հնարավորություն չունենք: Ես գտնում եմ, որ մենք պետք է բաց աչքերով նայենք ու պարզ պատկերացնենք, հաղորդակցության մեջ լինեն այդ տարածքների հետ, որովհետև ես չեմ կարող և որևէ մեկը չի կարող ասել, որ, Աստված մի արասցե, էդ կրակը վերջ-առաջ կարող է հասնի նաև մեր դռներին: Հարցը հասել է նրան, որ արդեն Ստամբուլի ուղղությամբ են գնացել, Հունաստանի ափերն են ուզում դուրս եկած լինել և այնտեղ սկսեն մարտական գործողություններ և այլն, և այլն»,- ասաց Վարդան Խաչատրյանը՝ փաստորեն այս պայմաններում էական չհամարելով ինչ-որ մի ավիաընկերության բացումով հնարավոր վտանգները:
Հիշեցնենք, որ առաջին չվերթով Հայաստանի Հանրապետություն պետք է ժամանեին Իրաքի կառավարության անդամներ և շուրջ 50 տուրիստական գործակալությունների ղեկավարներ:
Ուշադրություն հրավիրելու համար, թե ինչ վտանգների մասին կարող է խոսք լինել, կրոնագետ-դասախոսը նկատեց. «Մեր հարևան երկրների բոլոր ներկայացուցիչներն այնտեղ կռվում են, իսկ հայերի շահերն ուղղակի ներքաշված են այդ շրջաբերման մեջ»:
«Եվ այս տեսանկյունից շատ ավելի ճիշտ եմ համարում, որ լինենք գործընթացից տեղյակ և եթե անգամ միջամտության հնարավորություն ունենանք, լավ գնահատելով՝«տասը չափիր, մեկ կտրիր»-ը, մասնակցություն ունենանք, որպեսզի հետո հանկարծակիի չգանք, թե էս ո՞նց եղավ, ի՞նչ եղավ»,- ասաց նա:
Վարդան Խաչատրյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում և ժամանակակից սպառազինությունների մակարդակում երկիրը երկու-երեք օրվա ընթացքում կարող է մտնել պատերազմի մեջ, որը կարող է տարածաշրջանից դուրս չգալ տասնյակ տարիներ:
Ինչ վերաբերում է հարևան Թուրքիայի՝ ԻՊ-ի հետ հարաբերություններին, ապա Վարդան Խաչատրյանը նկատեց, որ «Իսլամական պետության» մեջ բացառիկ և ամենաակտիվ մասնակցություն ունեցող կողմերից մեկը կրոնական այն հոսանքներն են, որոնք մաքուր սուննիզմ կամ շիիրզմ չեն, պայմանական ասած՝ իսլամական աղանդավորության տարատեսակ են:
«Դրանք խիստ ներգրավված են, ինչը մեզ համար իսկապես լուրջ վտանգ է ներկայացնում, եթե հաշվի առնենք, որ մեր թիրախավորվածությունը նրանք փորձել են ցույց տալ սեպտեմբերին Դեյր Զորում անմեղ զոհերի հիշատակին կառուցված եկեղեցու պայթեցմամբ: Սրանով մեզ հուշում են, որ խալիֆայության զարգացման ճանապարհին խանգարող հանգամանքներից մեկը հանդիսանում է հայկական պետությունը»,- ամփոփեց կրոնագետը: