Ֆլորիդայում միաժամանակ 101 միասեռական զույգ է ամուսնացել


05:59 , 26 փետրվար, 2015

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում միասեռական զույգերի զանգվածային ամուսնություն է տեղի ունեցել, որին մասնակցել է 101 զույգ: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` USA Today-ին հղումով, պսակադրության արարողության նախաձեռնությունը Օփրա Ուինֆրիի նախկին խոհարար Արտ Սմիթինն է:

Հարսանեկան արարողության ժամանակ, որն անցկացվել է Մայամիի շքեղ հյուրանոցներից մեկում, նորապսակների վրա վարդի թերթիկներ են նետել, իսկ հյուրասիրության համար պատասխանատուն ամերիկյան խոհարարական շոուների առաջատար Գայ Ֆիերին է եղել:

Պարբերականը նշում է, որ Արտ Սմիթն իր ապագա ամուսնուն հանդիպել է 2000 թվականին, իսկ 2010-ին նրանք ամուսնացել են:  Խոհարարը որոշել է զանգվածային ամուսնություն կազմակերպել, երբ իմացել է, որ նահանգում միասեռական ամուսնությունների արգելքը հակասահմանադրական է ճանաչվել: