Ռուսաստանն ուժեղացնում է իր լրտեսությունը Եվրոպայում. Գերմանիայի հատուկ ծառայություն


00:16 , 26 փետրվար, 2015

Tert.am-ը գրում է․

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության Դաշնային վարչության ղեկավար Հանս Գեորգ Մասենը ահազանգել է, որ Ռուսաստանն ընդլայնել է իր լրտեսական գործունեությունը Եվրոպայում: Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»:

Բեռլինում տեղի ունեցած Եվրոպական ոստիկանական կոնգրեսի ժամանակ կառույցից նշել են, որ դա տեղի է ունենում Ուկրաինայի հակամարտության ֆոնին: Ըստ գերմանացի պաշտոնյայի՝ Ռուսաստանը, մասնավորապես, փորձում է հետևել, թե Արևմուտքում ինչպես են Ուկրաինային վերաբերող որոշումներ ընդունում: Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են հատկապես արևելաեվրոպական երկրները:

Նշվում է նաև, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունները չեն խորշում օգտագորել խորհրդային  ՊԱԿ-ի մեթոդները՝ լրտեսությունը համադրելով նպատակաուղղված ապատեղեկատվության, որոշումների ընդունման վրա ազդեցություն գործելու և ծայրահեղական խմբավորումների աջակցությունն ստանալու հետ, ինչի նպատակը ապակայունացումն է: Այս ֆոնին գերմանացիները արձանագրել են Գերմանիայի և ամբողջ Եվրոպայի անվտանգությանը Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքի ռիսկեր: