Երուսաղեմի քաղաքապետը գետնին է տապալել անցորդի վրա դանակով հարձակված տղամարդուն


02:21 , 24 փետրվար, 2015

Tert.am–ը գրում է.

Երուսաղեմի քաղաքապետը օգնել է ձերբակալել պաղեստինցուն, ով դանակով հարձակվել էր կրոնավոր հրեայի վրա: 

Ինչպես հաղորդում է BBC-ն` անցյալ կիրակի քաղաքապետ Նիր Բարքատը, իր մեքենայից տեսնելով հարձակումը, վարորդին հրահանգել է կանգ առնել: Վերահսկողության տեսախցիկների տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է քաղաքապետը արագ քայլերով մոտենում հարձակում իրականացնողին և նրան գետնին տապալում, միևնույն ժամանակ՝ քաղաքապետի թիկնապահները ատրճանակներով շրջապատում են կասկածյալին:

27-ամյա տղամարդը, ում վրա հարձակում էր իրականացվել, տեղափոխվել է հիվանդանոց: Հարձակում իրականացրած 18-ամյա պաղեստինցուն ձերբակալել է դեպի վայր ժամանած ոստիկանությունը:

Ոստիկանների խոսքով` պաղեստինցին Իսրայելի տարածքում անօրինակն էր գտնվում: Հրեա անցորդի վրա կատարած հարձակման պատճառը դեռևս անհայտ է: