Ձախողված վրեժխնդրությունը թատերաբեմ չի կարող դարձնել ԱԺ-ն. Գալուստ Սահակյան


13:34 , 23 փետրվար, 2015

Tert.am-ը գրում է․

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ չի ստեղծվելո՞ւ արդյոք հանձնաժողով՝ սահմանադրական ազատությունների դեմ ոտնձգությունների հարցը քննարկելու համար։

«ՀԱԿ-ի անունից ցանկանում եմ վերջին զարգացումների հետ կապված հարցը բարձրացնել։ Մենք միամիտ չենք և հասկանում ենք, որ դուք, լինելով ԱԺ նախագահ և ՀՀԿ թիմի անդամ, լիովին աջակցել եք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի որոշումներին, որոնք կիրառվեցին Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նկատմամբ»,– ասաց նա՝ ավելացնելով, թե ԱԺ-ում անհետաձգելիորեն պետք է քննարկվեն Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները։ 

ՀԱԿ պատգամավորին ընդհատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Մի վայրկյան, սա մտքերի փոխանակություն չէ, սա հարց է, ելույթ եք ունենում, հետո հարց եք տալիս։ Սա մեկ։ Երկրորդն էլ՝ Գագիկ Ծառուկյանի թիմն ունի մի ամբողջ խմբակցություն, ու ձեր խոսնակության կարիքը չունի, որ պետք լիներ, իրենք կխոսային, հարցը տվեք»,-հորդորեց նա:

Զուրաբյանը հարց տվեց. «Եթե լինեիք դեմոկրատական երկրի  խորհրդարանի խոսնակ, դուք պետք է անհետաձգելի միջոցառումներ կիրառեիք, որ մենք հանձնաժողով ստեղծեինք և ազատությունների դեմ ոտնձգությունների հարցը քննարկել: Արդյո՞ք պատրաստվում եք նման բան անել»: 

Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե համաձայն չէ մտքերի հետ: «Առավել ևս ձախողված վրեժխնդրությունը թատերաբեմ չի կարող դարձնել ԱԺ-ն»,-նշեց նա: