Tert.am-ը գրում է․
Իսպանացի գրող և լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանը ներկայացրել է Իսպանիայում բնակվող հայերի պատմությունը` սկսած Լևոն VI թագավորից` պատմելով նաև հայոց հարցին իր առնչության մասին: Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով իսպանացու կյանքում իր հետքն է թողել ԱՍԱԼԱ-ի ծավալած գործունեությունը. 1980 թվականի դեկտեմբերի 29-ին Մադրիդի կենտրոնական «Իսպանիա» հրապարակի անկյունում գտնվող Գրան Վիա պողոտայում ռումբ պայթեց, ինչի հետևանքով ծանր վիրավորվեց Գուռիարանը, որից հետո սկսեց հետաքրքրվել հայոց հարցով և պայթյունի դրդապատճառներով: Տեղեկանալով 1915-ի ցեղասպանության մասին` իսպանացի մտավորականը դարձավ Հայ դատի ջերմեռանդ պաշտպաններից մեկը: Միջադեպից երկու տարի անց հրատարակեց «Ռումբը» գիրքը, որը ներշնչել է Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանին՝ նկարահանելու Une histoire de fou («Մի խենթ պատմություն») ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին: 1915-ի դեպքերից մազապուրծ եղած հայերի ժառանգների հետ հանդիպելով` 2007-ին Գուռիարանը հրատարակել է նաև «Հայեր, մոռացված ցեղասպանություն» գիրքը: Հոդվածը, որը հրապարակվել է իսպանախոս մտավորականների հոդվածաշարում, ներկայացնում ենք կրճատումներով.
«Լևոն VI-ն իշխում էր Մադրիդում XIV դարում, իսկ հայ վաճառականները Անդալուսիայում հաստատվեցին XVI դարում: Այսօր` դարեր անց, Իսպանիայի հայ համայքն ունի 40 000 անդամ (14000-ը բնակվում են Վալենսիայում, 12 000-ը` Բարսելոնայում, 8000-ը` Մադրիդում և 2000-ը` Ալիկանտեում), ովքեր մեծ կազմակերպվածությամբ պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
20-րդ դարում Իսպանիայում չի եղել կայուն և կազմակերպված հայ համայնք, որը կար Ֆրանսիայում, Լիբանանում, Իրանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Կալիֆորնիայում և այլ վայրերում`Ցեղասպանության հետևանքենրից մեկը դարձած Սփյուռքի ուշագրավ ներկայությամբ և գործունեությամբ: Սակայն իրադրությունը տնտեսական, արդյունաբերական և զբոսաշրջային ոլորտներում փոխվեց մեկ տասնամյակ առաջ, և այժմ հայերը կարևոր դեր և ներգրավվածություն ունեն ցանկացած ասպարեզում:
Հայոց թագավորը Մադրիդում
Իսպանիայի և Հայաստանի պատմության մեջ երկու փուլ կա, երբ հայերի ներկայությունը, թեև ոչ մեծաթիվ, եղել է ինտենսիվ և արդյունավետ երկու ժողովրդի հարաբերություններում: Առաջինը կապված է 1382 թվականի հետ, երբ Պալասիո դե Օրիենտեում հաստատվեց և Մադրիդը ղեկավարել սկսեց Լևոն VI-ը` Իսաբելի և Խուան դե Լուսինյանի որդին, ով Կիլիկիայի մայրաքաղաք Սիսի անկումից հետո գերեվարվեց Կահիրե, որտեղից էլ խոստովանահայր Հովհաննես Դարդելի ջանքերով, Կաստիլիայի Հովհան I և Արագոնի Պեդրո IV թագավորների միջնորդությամբ 1382–ին գերությունից ազատվեց և մեկնեց Եվրոպա, 1383–ին հասավ Կաստիլիա, որի թագավորը Լևոնին նվիրեց Մադրիդ քաղաքը:
Իսպանիայի պատմության մեջ հայերի ներկայության երկրորդ փուլը կապված էր 1492-ին Քրիստափոր Կոլումբոսի` Ամերիկայի հայտնաբերման հետ: Նոր աշխարհի հետ ոսկու և արծաթի առևտրում ներգրավվեցին նաև հայ վաճառականները:
Այսօր Իսպանիայում քչերը գիտեն 3000-ամյա պատմություն ունեցող Հայաստանի մասին: Իսպանացիների գիտելիքները հայերի մասին, ինչպես նաև՝ իմը շատ աղոտ և աղքատիկ էին. այն, որ Շառլ Ազնավուրը, Ուիլյամ Սարոյանը և Անաստաս Միկոյանը հայեր են, և որ Մադրիդի հայտնի ռեստորաններից երկուսը հայկական են` «Արարատ» և «Սայաթ Նովա»:
Պետք է խոստովանեմ, որ մինչև 1980-ին ինձ հետ տեղի ունեցած պատահարը ես գրեթե ոչինչ չգիտեի 1915-ին Երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության մասին, որում միլիոն ու կես հայ էր զոհվել: Պայթյունից հետո առաջին մարդը, ում հետ խոսել եմ այդ թեմայով, ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենն էր, ում հետ հարցազրույց ունեցա որպես լրագրող»:
Ցեղասպանության 100-րդ տարելիցը
Անդրադառնալով Մեծ եղեռնի 100-ամյակին և նշելով այս ուղղությամբ Իսպանիայում կատարված աշխատանքների մասին` իսպանացի հումանիստն ամփոփում է. «Նոր նախագծեր են պատրաստվում իրականացվել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ՝ իբրև պատմական մի հնարավորություն՝ ստիպելու Թուրքիային, որ ճանաչի իր նախնիների ծրագրած և իրականացրած հայ ժողովրդի ցեղասպանությունը: Թող ունենա Գերմանիայի քաջությունը, որն ընդունել է հրեաների Հոլոքոստի փաստը»: