Tert.am-ը գրում է․
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ռադիկալ ընդդիմադիր դաշտից, իսկ թե վերջին իրադարձություններից հետո ընդհանրապես որտեղ կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, դժվար է կանխորոշել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությանը և փետրվարի 20-իհանրահավաքը չեղյալ հայտարարելուն:
«Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ հրապարակից: Թեև նրա տեքստից չի կարելի եզրակացնել, թե ընդհանրապես դուրս է գալիս քաղաքականությունից, բայց միգուցե դա ժամանակի հարց է, որովհետև կտրուկ դուրս գալ չի կարող: Բայց նաև նկատելի է, որ ԲՀԿ-ն որոշում է ընդունել չլինել ռադիկալ ընդդիմադիր դաշտում: Փետրվարի 12-իհայտարարությամբ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ում նոր լիդերի խնդիր դրեց»,- ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանն այս ստեղծված իրավիճակում կամ պետք է առաջ գնար՝ կորցնելով շատ բան, կամ նահանջեր:
«Այն, ինչ արեց այսօր ամենահավանական տարբերակն էր: Ի վերջո, նա լավ հասկանում է, որ հալածանքների միջով անցնելը դեռ երաշխիք չէ իշխանության համար, քանի որ այդ ճանապարհով շատերն են գնացել: Նաև չմոռանանք, որ ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը, մինչ օրս եղած առաջնորդներից ամենախոցելին է եղել, որովհետև ծնունդը իշխանական դաշտում է եղել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե շատերի կարծիքով սա զինադադար է մինչև ապրիլի 24-ը, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես այդպես չեմ կարծում, սա զինադադար չէ, սա այն չէ, որ ասում են՝ կանգ ենք առնում: Ակնհայտ երևում է, որ Գագիկ Ծառուկյանը հետ քայլ է անում, և որ ինքը ընդդիմություն չէ ու չի մտնելու Ազատության հրապարակ: Սա նշանակում է, որ նա մնում է իր նախկին ռելսերի վրա ու հաշտվում է Սերժ Սարգսյանի պայմանների հետ: ԲՀԿ-ից հինգ պատգամավորի դուրս գալը, ցույց տվեց, թե ինչ կարող է մնալ ԲՀԿ-ից»:
Ստյոպա Սաֆարյանը նաև նկատեց, որ սա պատերազմ էր ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների միջև:
«Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը չափազանց թույլ ու իշխանազուրկ մարդու տեքստ էր, անատամ հայտարարություն արեց՝ կոչ անելով վերջ տալ: Նկատելի է, որ Քոչարյանը զրկված է որևէ դերակատարումից: Շուտով նաև կտեսնենք քոչարյանամերձ շրջանակի հիասթափությունը ԲՀԿ-ի նկատմամբ: Իհարկե, վերջին օրերին տեղի ունեցածը ազդելու է հասարակության շրջանում ԲՀԿ-ի հեղինակության վրա»,- ասաց նա:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի, ամեն դեպքում ոչինչ չի ավարտվում, որովհետև 2017-ի խորհրդարանական ընտրություններից քաղաքական կրքերը չեն կարող մարել:
Հարցին, թե խորհրդարանական ոչ իշխանական եռյակը կպահպանի իր գոյությունը, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Եռյակի համար կարելի է ասել՝ անունը կա, ամանումը չկա: Ինձ թվում է, որ ինչ-որ առումով Գագիկ Ծառուկյանն էր ՀԱԿ-ի ու «Ժառանգության» մերանը, եթե նա հետ է քաշվում խնդիրներ են առաջանում լիդերների մակարդակով»: