Հայոց բանակի ուժը


17:46 , 10 հոկտեմբեր, 2012

Մեկնարկել է հերթական զորակոչը. 18 տարին բոլորած և նախկինում ունեցած տարկետման իրավունքից զրկված երիտասարդները 2 տարի շարունակ ընտանեկան հարմարավետությունը փոխարինելու են զորանոցային խստակյաց կենցաղով՝կյանքով, որի ամեն պահը հստակորեն սահմանված է օրվա կարգացուցակով և լարված ուսուցմամբ, որի անաչառ ՙքննասենյակը՚ մեծ մասի համար դառնալու է մարտական դիրքը:
Ի տարբերություն մյուս այն երկրների, որտեղ ևս ժողովուրդն ունի կրթական բարձր մակարդակ և տեղեկացվածության բարձր աստիճան, մեր հասարակության գերակշիռ մասը չի տրտնջում պարտադիր զինվորական ծառայության փաստից և երկրի իշխանությունների առջև չի դնում արհեստավարժ բանակ ձևավորելու, պարտադիր զինվորական զորակոչից հրաժարվելու խնդիր: Իհարկե խոսքս չի վերաբերում հանրահայտ «իրավապաշտպաններին», որոնց հակաբանակային խանդավառությունն ուղիղ համեմատական է կասկածելի ծագման դրամաշնորհների չափին:
Հայկական իրականության մեջ հակառակորդը հազարավոր մղոններ հեռու գտնվող մի ավազուտում դարանակալած Կալաշնիկովի ինքնաձիգով մորուքավոր արաբը չէ, ով ինչ-ինչ պատճառներով որոշել է պարզել ջիհադի իր դրոշը, մեր առավել կատաղի հակառակորդները որպես կանոն խնամքով ածիլված են ու կրում են կամ միասնական նմուշի դաշտային համազգեստ կամ նորաձև եվրոպական կոստյում, սակայն նրանց սրտերում ավելի շատ կույր ատելություն կա ամեն հայկականի նկատմամբ, քան «Ալ Ղաիդայի» ամենից մոլեռանդ անդամը կարող է նույնիսկ պատկերացնել:
Ամեն հայ մարդ հստակ գիտի, որ մեր հակառակորդի համար գոյություն չունեն բոլոր ազգերի զինվորականների մոտ ընդունված ասպետական օրենքները. անգամ քնած մարդուն կացնահարողը հարևան երկրում համընդհանուր արգահատանքի արժանանալու փոխարեն հերոսացվում է, շրջապատվում թե իշխանությունների, թե հասարակության հիացախառն ուշադրությամբ:
Զորակոչիկը գիտի, որ իր ծառայության բոլոր դժվարություններն ու վտանգները հանուն մի նպատակի են, որի մասին կարելի է խոսել նաև վերամբարձ բառերով, սակայն կարելի է նաև պարզապես ասել, որ ամեն հայ զինվոր իր ծառայության երկու տարիներին ջարդում է մի հերթական ռամիլսաֆարովի կացին բռնած ձեռքը:
Մեր բանակի՝ օտարներին զարմացնող ուժի հիմնական գաղտնիքն ըստ իս բավականին պարզ է. հայ զինվորը հավատում է իր նպատակին և համոզված է, որ իր գործն արդար է…