ԱՄՆ-ն Հայաստանին արդեն վերաբերվում է որպես ԵՏՄ անդամի


12:52 , 4 փետրվար, 2015

Թեև դեռ պարզ չէ, թե ինչ նկատառումներ են դրվել հիմքում կամ ինչն է եղել պատճառն այսօր դա հանրայնացնելու, սակայն այսօր առավոտվանից գրեթե բոլոր ԶԼՄ-ները հայտարարեցին այն մասին, որ նախ հայտնի բարերար Հանթսմանն է «հեռանում» Հայաստանից ու սառեցնում իր բոլոր հայաստանյան ծրագրերը, և ապա ԱՄՆ վարչակազմը 2016թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծում առաջարկել է է՛լ ավելի կրճատել Հայաստանին և Ադրբեջանին մատակարարվող օգնությունը՝ միաժամանակ պահպանելով այդ երկրներին հատկացվող ռազմական օգնության համահավասարությունը: Արդյոք հիշյալ երկու լուրերի հրապարակումն ու այսաստիճան տիրաժավորումը կապված է վերջին հայտնի զարգացումների հետ, թե ոչ, դժվար է ասել. եթե անկեղծ, ապա նման շրջադարձ, եթե իրոք պատճառը հենց զարգացումներն են, սպասելի էր, քանի որ նախ ԱՄՆ-ն այս պահին գործ ունի արդեն ԵՏՄ անդամ Հայաստանի հետ, ու ոչ մի հայկական կամ հայանպաստ լոբբի ի զորու չէ աքսիոմատիկ աշխարհաքաղաքական իրողությունն այլ լույսի կամ ռակուրսի ներքո ներկայացնել և ապա` վերջին զարգացումներն այլ անուն չունեն գոնե Արևմուտքի կամ ԱՄՆ դիտանկյունից նայելով, քան Մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպտագույն խախտում, փաստ, որը 100 տոկոսով դեմ է ամերիկյան կամ առհասարակ Արևմտյան արժեհամակարգին: Սակայն կա հարցի երկրորդ կողմը նաև. բանն այն է, որ արդեն տարիներ ի վեր ԱՄՆ-ն նման քաղաքական գիծ է բռնել Հայաստանի հանդեպ, ինչը, բնականաբար, առաջ է բերում որոշակի հարցեր ու ծնում որոշակի խնդիրներ՝ սկսած այն պարզագույն հարցադրումից, թե ինչ տրամաբանությամբ են ամերիկյան հարկատուների գումարներից որպես օժանդակություն տրամադրվում այնպիսի երկրների, որոնք իրար հետ ունեն լուրջ խնդիրներ ու կիսասառեցված ռեգիոնալ հակամարտություն. արդյո՞ք սա ակամա այն մտքին չի բերում, որ հակամարտությունն այնուամենայնիվ, պահպանվի, լրագրողական լեզվով ասած` «թեման տաք մնա»: Իսկ ինչու: Գուցե այն բանի համար, որ պետք եղած ժամանակ դառնա հերթական մանրադրամը Մեծ Քաղաքականության խաղի մեջ: