Հայաստանը գտնվում է լիակատար գործազրկության ճիրաններում


09:15 , 30 հունվար, 2015

Այսօր Հայաստանը գտնվում է լիակատար գործազրկության ճիրաններում: Երկրում գրեթե բացակայում է արդյունաբերական արտադրանքը: Խախտված է պետության մեջ կապիտալի ստեղծման հազարամյակների ողջ փիլիսոփայությունը: Տուրք տալով դարերի խորքից եկող առևտրային ոգու մղումներին` հայությունը կապիտալի ստեղծման, կուտակման ու բազմապատկման համար ընտրել է ամենից հեշտ, բայց կործանարար ճանապարհը: Պետական բյուջեն ընդհանուր առմամբ լցվում է ոչ թե սեփական արտադրանքի վաճառքի հաշվին, այլ օտար արտադրանքի շրջանառությամբ ձևավորվող մաքսային ու հարկային մուծումների: Գործունյա և տնտեսվարության մեջ մասնագիտացած սոցիալական խավերն օտար ապրանքների պարզ առևտուրը նախընտրում են մեծ ռիսկեր պարունակող ու ջանքեր պահանջող արտադրա-առևտրային փոխհարաբերություններից: Երկրում չի ձևավորվում առևտրային մենատիրությանը դեմ գնացող և սեփական նյութական արտադրության համար պայքար ծավալող տնտեսվարողների խավը: Օտարերկրյա առանձին ապրանքների գծով առևտրային այն պատուհանը, որը գտնվում է օլիգոպոլ տնտեսություններից դուրս և թողնված է գործունյա փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող սոցիալական շերտերին, կարծես թե ամբողջությամբ բավարարում է վերջիններիս: