1in.am-ը գրում է․
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի, «Միրայֆ» (MIRAIF) խմբի մենակատարուհի Մարիամ Մերաբովան, որին հայ հանդիսատեսը բացահայտեց ռուսական «Գոլոսի» շրջանակում ու սիրեց:
- Մարիամ, երբ հայ հանդիսականը ձեզ առաջին անգամ լսեց «Գոլոսում», առաջին արձագանքն այն էր, թե ազգությամբ հայ չեք: Ինչո՞ւ «Մերաբովա»:
- Չգիտեմ, թե ինչու են որոշ մարդկանց մոտ կասկածներ առաջացել իմ հայ լինելու մասին, քանի որ Մերաբովները հայեր են: «Յան» վերջավորության բացակայությունը բացատրվում է նրանով, որ Թիֆլիսում շատ հայկական ազնվական ընտանիքներ ռուսիֆիկացել են դեռևս ցարական ժամանակներում:
-Մի փոքր կպատմե՞ք ձեր արմատների մասին, ումի՞ց եք ժառանգել ձեր ձայնային հոյակապ տվյալները:
-Մայրական ու հայրական արմատներս շատ լավ գիտեմ: Իմ տատիկը՝ Արփենյա Ղուկասովան (Արփենիկ Ղուկասյան), ծնվել է Թիֆլիսում, նրա ծնողները փախել են Շուշիից: Հայրս ծնվել է Թիֆլիսում, նրա ծնողները այնտեղ են գնացել Կարսից: Իսկ 1970-ականներին մայրս ու հայրս աշխատանքի բերումով տեղափոխվել են Երևան, ու 1972-ին ես եմ ծնվել: Իմ ընտանիքում բոլորն էին նվագում դաշնամուր ու երգում: Ծնողներիս միջավայրում բազմաթիվ երաժիշտներ ու նկարիչներ կային: Ամենամտերիմներից էին Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանը, Լյալյա ու Էդվարդ Միրզոյանները: Հիանալի մանկություն եմ ունեցել:
-Մարիամ, առաջին հերթին դուք հայտնի եք որպես ջազ կատարող: Ի՞նչ եք կարծում՝ ջա՞զը ընտրեց ձեզ, թե՞ դուք ջազը:
-Մեկ անգամ լսելով ջազը՝ ես հավերժ սիրահարվեցի այդ երաժշտությանը: Ինչ վերաբերում է ընտրելուն, ապա կարող եմ ասել, որ նախ ջազը ինձ ընտրեց, հետո ես նրան:
-Հայ հանդիսատեսը ձեզ ճանաչեց ու սիրեց հենց «Գոլոսի» շնորհիվ: Տեղյա՞կ եք արդյոք, որ մեծ թվով երկրպագուներ ունեք այստեղ:
-Հիմա ինձ ավելի շատ թվով մարդիկ գիտեն, ու դա նշանակում է, որ այս ապրիլին պլանավորված համերգը Երևանում, ամենայն հավանականությամբ, հրաշալի կանցնի: Երևան կգա Miraif-ի ամբողջ կազմը, բեմում կլինի 12 մարդ: Ծրագիրը բաղկացած կլինի ջազային համաշխարհային հիթերից, բնականաբար, կլինեն նաև հեղինակային ստեղծագործություններ:
- Մարիամ, «Եվրատեսիլում» հանդես գալու մեծ փորձ ունք: Որպես բեք վոկալիստ եք հանդես եկել Դիմա Բիլանի, Անի Լորակի, Դիմա Կոլդունի, Եվա Ռիվասի հետ: Ինչո՞ւ եք միշտ հանդես եկել բեք վոկալիստի դերում:
-Ինչ վերաբերում է բեք վոկալին, ապա ասեմ, որ ինձ հրավիրել են հենց այն պատճառով, որ ես պրոֆեսիոնալ եմ: Բեք-վոկալն առանձին մասնագիտություն է, որը ենթադրում է շատ լավ լսողություն, մտածողության ներդաշնակություն, լավ տեմբր, ճաշակ: Լավ բեք վոկալը մենակատարի հաջողության կեսն է: Իսկ այդ ժամանակ ես համաձայնում էի հանդես գալ միայն «Եվրատեսիլում», այն էլ բավական պատկառելի հոնորարով: Բացի այդ՝ ինձ համար հետաքրքիր ու հաճելի էր «Եվրատեսիլի» մթնոլորտը:
- Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցներից մեկում խոստովանել եք. «Այն, ինչ այժմ ես ինձնից ներկայացնում եմ՝ որպես կատարող, իմ ամուսնու ձեռքբերումն է»: Ինչո՞վ եք պարտական նրան:
-Այն, որ ամուսինս իմ ուսուցիչն է՝ փաստ է: Նա ինձ համար կոլեկտիվում ստեղծեց ամեն ինչ, որ զարգանամ, չի ճնշել, չի սովորեցրել, այլ պարզապես իմ կողքին էր: Ու մենք երկար ու շատ զրուցում էինք… Հենց դա էլ ձևավորեց ինձ՝ որպես սոլիստի: Չէ՞ որ երգիչ լինելը ոչ միայն ձայն է, դա նաև հոգևոր զարգացում է:
-Կարելի՞ է ասել, որ «Գոլոսը» նպաստեց ձեր ավելի հայտնի դառնալուն:
-Իհարկե, ես «Գոլոս» գնացի հենց լսարանի համար, քանի որ միայն Առաջին ալիքը կարող է տալ նման բազմամիլիոնանոց լսարան: Գիտեք, շատ բնական է, որ մեծամասնությունը չգիտեր իմ գոյության մասին, անգամ եթե Մոսկվայում մենք հայտնի արտիստներ ենք:
-Մարիամ, որպես հայ, որքանո՞վ է ամուր ձեր կապը Ռուսաստանի Հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
-Ես ոչ մի կապ չունեմ Ռուսաստանի Հայերի միության հետ, ցավոք: Մեզ գիտեն ու գիտեին մինչ «Գոլոսը», սակայն ոչ մի անգամ մեզ չեն հրավիրել «Տաշիր»-ի կամ Armenian Music-ի որևէ համերգի … Ինձ համար դա հասկանալի չէ: Ես իմ ներկայությամբ աջակցում եմ Մոսկվայի ամենաշքեղ նախագծերից մեկին՝ Jazz Parking-ին, որը գլխավորում է Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը: Հենց մեր նախագիծը դարձավ դարբնոց շատերի համար, որոնք մասնակցել են «Գոլոս»-ին: Դա թե Մարգո Պազոյանն է, թե Արծվիկը, թե Պոլինա Զիզակն ու Անաստասիա Սպիրիդոնովան և Էթերի Բերիաշվիլին ու այլք …