ՀՀԿ պարագլուխները պետության և ժողովրդի շահերը կլանային շահերից վեր դասելու հեռատեսություն չունեցան


16:24 , 2 հոկտեմբեր, 2012

Քիչ առաջ խորհրդարանն ինձ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Գրեթե միաժամանակ տեղեկացանք, որ հարևան Վրաստանում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում:

Փաստորեն Վրաստանում արդեն կա քաղաքական հակակշիռ՝ նախագահը մի կուսակցությունից է, օրենսդիրն ու կառավարությունը շուտով կլինեն այլ կուսակցության ձեռքում: Սրանով Վրաստանը մեզանից նաև քաղաքականապես ևս տասը քայլ առաջ անցավ:

Այս տարածաշրջանում այս հարցում առաջինը լինելու հնարավորություն մենք ունեինք խորհրդարանական անցած ընտրությունների ժամանակ: Բոլորդ հիշում եք այդ օրերին իմ և ԲՀԿ-ի քաղաքական պայքարի գաղափարական հենքը, որն այդ հակակշիռն ստեղծելն էր: Հաշվի առնելով այդ օրերին ժողովրդի տրամադրությունները՝ այդպիսի արդյունքն անխուսափելի էր: Բայց դա չստացվեց, որովհետև իշխող կուսակցության պարագլուխները չունեցան այդ հեռատեսությունը՝ կարողանալ պետության և ժողովրդի շահերը վեր դասել իրենց նեղ կուսակցական, կլանային և անձնական շահերից: 

Կեղծվեցին ընտրությունները, և այսօր ունենք այն, ինչ ունենք: Եթե լիներ այդ հակակշիռը, այսօր մեր խորհրդարանում նման անարդարություն չէր լինի: Այդ անարդարությունն իմ նկատմամբ չէ: Դա մեր ժողովրդի, սովորական քաղաքացու, երիտասարդ սերնդի նկատմամբ է և առհասարակ՝ մեր երկրի ճակատագրի նկատմամբ: