Քաղաքական հետապնդումն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ. ԲՀԿ


19:36 , 28 սեպտեմբեր, 2012

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: 
Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են և զուրկ որևէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: «Բարգավաճ Հայաստան»-ը իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին և պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը: 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդ