ԻՊ-ի դեմ պայքարում ևս մեկ նոր կիբերճակատ է բացվում


16:49 , 20 դեկտեմբեր, 2014

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը բնորոշ առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ վերջինը բավականաչափ հաջողությամբ օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած առավելագույն հնարավորությունները՝ սեփական ռազմավարական խնդիրները լուծելու նպատակով:
Այսպես, ըստ Տորոնտոյի համալսարանի Citizen Lab միջդիսցիպլինար լաբորատորիայի աշխատակիցների պնդումների՝ ԻՊ-ը ստեղծել է սեփական հակերների խումբը, որի թիրախը ներկա փուլում սիրիական այլ հակակառավարական խմբավորումների տարաբնույթ կայքերն են. նման կերպ իսլամականները ձգտում են հնարավորինս թուլացնել իրենց մրցակիցների դիրքերը:
Դեռևս նոյեմբերի կեսին սիրիական ընդդիմադիր խմբավորումներից մեկն իր էլեկտրոնային փոստին տարօրինակ նամակներ էր ստացել, որոնք ուղարկել էր Կանադա փորձաքննության: Նամակների հետազոտությունը ցույց էր տվել, որ դրանք պարունակում էին վիրուս, ինչը թույլ է տալիս ուղարկողին հնարավոր պատասխանի դեպքում IP հասցեի միջոցով անմիջապես ֆիքսել հասցեատիրոջ գտնվելու վայրը: 
Փաստորեն, ԻՊ-ի դեմ պայքարում ևս մեկ նոր կիբերճակատ է բացվում: