Դրամն արժևորվում է` երկու օրում հասնելով 1 դոլարը 500 դրամի


16:31 , 19 դեկտեմբեր, 2014

Դրամն արժևորվում է՝ համենայնդեպս վերջին երկու օրում հասնելով 1 դոլարը 500 դրամի: Իհարկե ուրախալի է տեսնել դրամի արժևորումը: Կտրուկ ինֆլյացիայից խուսափել թեպետ դեռ չի հաջողվել, բայց ամեն դեպքում նոր ինֆլյացիա չի լինի: Ամենատարօրինակն է, որ շատերը հայկական արժույթի նման կտրուկ արժեզրկումը կապում են միայն արտաքին և հատկապես ռուբլու արժեզրկման հետ, որն իհարկե առկա է, բայց կա մեկ այլ խնդիր ևս, որ առավել մեծ նշանակություն ունի, քան միայն արտաքինը: Ներքին որոշ բանկերի և խոշոր տնտեսվարողների սպեկուլյացիոն գործողությունները, որը կարելի էր կանխել դեռ մեկ ամիս առաջ: Ինչևէ, վերադառնանք այն խնդրին, թե ինչպես ստացվեց, որ մեկ օրում դրամը նորից սկսեց արժևորվել: Պարզվում է՝ ՀՀ Կենտրոնական բանկը կատարել է կտրուկ քայլ, այն է` բարձրացնել պարտադիր պահուստային տոկասադրույքը ոչ ավել ոչ պակաս կրկնակի անգամ` հասցնելով 24 տոկոսի: Այս մասին թե ԿԲ նախագահը, թե վարչապետը չհայտարարեցին: Պարտադիր պահուստային տոկոսադրույքն այն գումարն է, որ առևտրային բանկերը պարտավոր են տրամադրել ԿԲ-ին ստացված ավանդներից և, ուշադրություն, միայն դրամով: Այսինքն՝ այս կտրուկ և բավական կոշտ քայլով ԿԲ-ն առևտրային բանկերին ստիպում է վաճառել իրենց մոտ կուտակված դոլարների մի մասը և այդ կերպ փոքրացնել դրամի ծավալը շուկայում` մեծացնելով դոլարի ծավալը: Մի շարք մասնագետներ այն կարծիքին են, որ նման ազդեցությունը շուկայի վրա թեպետ կլինի արդյունավետ, բայց միայն ժամանակավոր:
Դոլարի արժևորում կարող է լինել արդեն հունվարին, իսկ ԿԲ-ը չի կարող անընդմեջ բարձրացնել պահուստային տոկոսադրույքը: 
Իսկ սպեկուլյացիան կատարվում էր ամենաբարձր մակարդակով, առևտրային բանկերի ու մի շարք խոշոր տնտեսվարողների կողմից: Ստացվում է, որ առևտրային բանկերը ՀՀ-ում վերջին օրերին պարզապես խարդախ գործունեություն են ծավալել՝ ոչ միայն դոլար հավաքելով շուկայից՝ հույս ունենալով դրանք առավել թանկ վաճառել հետագայում, այլև դոլարները ոմանց թեթև ձեռքով հեռացնել մեր շուկայից: Սա հատկապես այն տնտեսվարողների «աշխատանքի» արդյունք կարելի է համարել, ովքեր սերտորեն կապված են Ռուսաստանի հետ: Քանի որ Հայաստանից դուրս բերված դոլարները կարող էին տարվել ՌԴ ներդրումների նպատակով: Չէ՞ որ դոլարը ռուսական շուկայում խիստ արժևորվել էր, և այս կերպ հսկայական եկամուտ կարելի է կուտակել, թքած թե հայրենիքում վարկեր վերցրած ժողովուրդը դոլարի արժևորումից հետո ստիպված չի լինի 1,5 անգամ ավել վճարել, թքած որ ինֆլյացիան, այն էլ Ամանորին, երկնիշ թիվ չի կազմի...