Պետական որևէ կառույցի հետ շփումն ավարտվում է պետության նկատմամբ ատելության զգացողության ծնունդով


15:09 , 18 դեկտեմբեր, 2014

Մեր պետության ամենակարևոր բարեփոխումներից մեկը պետք է լինի պետական կառույցների` հասարակության հետ շփվելու օղակի բարելավումը: Գերազանց մեծամասնությամբ պետական կառույցի ու հասարակության շփումն ավարտվում է հասարակության ներկայացուցչի սթրեսով (պետական կառույց և հասարակություն բաժանումն ընկալենք որպես պայմանական):

Հեռախոսավարուհիները կամ հեռախոսին պատասխանող ցանկացած այլ անձ կոպիտ չոբաններ են, որոնք չեն ուզում բավարարել հաճախորդի (այս դեպքում` հասարակության) պահանջները, կոմունիկացիայի միակ ձևն ընկալում են ագրեսիան, մունաթը, ատում են իրենց հաճախորդներին, որովհետև վերջիններս կտրում են իրենց սուրճի շուրջը զրույցներից, բամբասանքից և այլն:

Պետական չինովնիկներն իրենց զգում են բարձր կաստայի մարդ (ինչքան չինովնիկի պաշտոնը ցածր է, էնքան ավելի է ընդգծվում դա), ու արդյունքում պետական որևէ կառույցի հետ շփումն ավարտվում է պետության նկատմամբ ատելության զգացողության ծնունդով:

Ասածս վերաբերում է բոլոր նախարարություններին, հիվանդանոցներին, ուժային կառույցներին, քաղաքապետարաններին, ոստիկանությանը և այլն: Բացառություններ շատ-շատ քիչ, բայց հանդիպում են (դե սպիտակ ագռավ էլ հանդիպել հնարավոր է), բայց ընդհանուր առմամբ այդ շփման կետում է հիմնականում ծնվում ատելությունը պետական համակարգի նկատմամբ:

Հարևանիս խնդրանքով կապվեցի Մոր և մանկան կենտրոնի հետ, թվում է՝ լավ պետք է աշխատեն, մայրերի հետ են գործ ունենալու, բայց չէ: Մունաթ, դժգոհություն, ոչինչ չընկալելու, կարճ կապելու ձգտում... Մինչև որ պայթում ես ու դժգոհում են, թե խի եք վիրավորում: Սարսափում եմ, թե ինչ են անում դրանք խեղճ մայրերին: