Պրոֆեսիոնալ պարտք է ասել ճշմարտությունը` լսարանիդ վզին չփաթաթելով սեփական կարծիքդ


00:45 , 16 դեկտեմբեր, 2014

Այո, շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ «չորրորդ իշխանություն»  ձևակերպումն ամենամեծ «ավանտիուրան»  էր ստեղծագործված ժուռնալիստիկայի դեմ, ինչը ենթագիտակցորեն ու ագահաբար կուլ տվեց ժուռնալիստական համայնքն ու դարձավ ինքն իր  «իշխանամոլության»  գերին:

Թերևս միայն քաղաքականապես հասուն և մասնագիտորեն գրագետ ինդիվիդումն է ունակ զատորոշել կեղծ կատեգորիաներն իսկականից. սա` իմիջիայլոց...

Ժուռնալիստը քարոզչական  «զենք»  չէ. պրոֆեսիոնալ պարտք է ասել ճշմարտությունը` լսարանիդ վզին չփաթաթելով սեփական կարծիքդ:

Ինձ տխրեցնում է, որ հիմա ԶԼՄ-ի լեզուն դարձել է ավելի անհամ, աղքատ, որ լրագրողները շատ վատ են խոսում ու գրում: Գրողը տանի, որտեղի՞ց հայտնվեց, օրինակ, այդ «դիմությունը»  կամ ռուսերենի «это»-ն, ինչո՞ւ են հիմա գրում առանց կետադրական նշանների կամ դրանք դնում այնտեղ, որտեղ պետք չէ: Մարդը, ով աշխատում է ռադիոյում, տպագիր կամ էլեկտրոնային մամուլում, հեռուստատեսությունում, պետք է գերազանց տիրապետի լեզվին, պարտավոր է լինել բազմակողմանի զարգացած: Իսկ եթե ընդհանրապես ժանրին անդրադառնանք, օրինակ, զրույցին, հարցազրույցին (ըստ իս` ամենադժվար ժանրերին), ապա այստեղ չափազանց կարևոր է հասկանալ, որ կարևորը դու չես, այլ հյուրդ է: Ու հարցազրուցավարի խնդիրն է բացահայտել նրան, այլ ոչ թե «ինքնադրսևորվել», թե` տեսեք սա ես եմ. ոչ, անհրաժեշտ է լսել ու ըմբռնել:

Գլանակի տևողությամբ մտավարժանք` մասնագիտությանս շուրջբոլորը։