«Արվեստը սահմաններ չի ճանաչում» կարգախոսը Արցախի դեպքում գործում է երկակի ստանդարտներով. ԼՂՀ մշակույթի փոխնախարար


09:20 , 15 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Չնայած այն պնդմանը, թե արվեստը սահմաններ չի ճանաչում, սակայն շրջափակման մեջ գտնվող և դե յուրե չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում ամեն ինչ այլ է։ Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ-ի մշակույթի և երիտասարդության հարցերով փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նկատեց, թե ցավոք, ինչպես այլ հարցերում, այստեղ էլ գործում են երկակի ստանդարտներ։ «Նույն Եվրոպան խոսում է մարդու իրավունքների մասին, սակայն փաստորեն մեր չճանաչվածությունն անընդհատ պատճառ բերելով՝ արցախցուն զրկում են իր մշակույթը ներկայացնելու իրավունքից»,- ասաց փոխնախարարը նշելով, թե իրենք տարբեր միջոցներով կարողանում են այդ պատնեշը հաղթահարել և ներկայանալի լինել ոչ միայն աշխարհի հայությանը, այլ նաև օտարերկրացիներին։


- Պարո՛ն Հովհաննիսյան, Հայաստանում մշակութային կյանքը կենտրոնացել է մայրաքաղաքում և միայն խոսակցությունների մակարդակով է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է տեղափոխեն Գյումրի։ Ձեր դեպքում՝ գիտենք, որ մշակույթի նախարարությունը տեղափոխվել է Շուշի, ի՞նչ արդյունք է ունեցել նման տեղափոխությունը և այդ հարցում Հայաստանի հետ փորձի փոխանակման առիթ չկա՞։


- Ես մեր փորձը կարող եմ ներկայացնել և ասել, որ Ղարաբաղում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տեղափոխությունը Շուշի բավական խթանել է մշակույթի զարգացումը շրջաններում։ Կոնկրետ Շուշիում բավական նկատելի է, որ մշակութային կյանքն ակտիվացել է, Շուշին վերստացել է արվեստի ու արհեստի քաղաքի իր կոչումը։ Այստեղ են գործում կերպարվեստի թանգարանը, մեր պատկերասրահը, գործում է Շուշիի պատմության, կերպարվեստի և նաև մասնավոր միջոցներով գորգերի թանգարանը։ Ասեմ, որ արվեստի մյուս ճյուղերը նույնպես Շուշիում ներկայացված են, այնտեղ է գտնվում Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը։ Գործում է մեկ արվեստի և երաժշտական դպրոցներ։ Շրջանների մեծ համայնքներում, մասնավորապես Մարտունու շրջանի Ճարտար, Հադրութի շրջանի Տող, Մարտակերտի Վանք գյուղերում նույնպես մշակույթի կենտրոններ են բացվել։


-Ասում են, որ արվեստը սահմաններ չի ճանաչում, Ղարաբաղի դեպքում ինչպե՞ս է, փակ սահմանները, չճանաչված լինելը որքանո՞վ են դժվարացնում Ղարաբաղը մշակույթը աշխարհին ներկայացելը։


-Ցավոք սրտի, այստեղ էլ գործում են այդ երկակի ստանդարտները, նույն Եվրոպան խոսում է մարդու իրավունքների մասին, սակայն փաստորեն մեր չճանաչվածությունն անընդհատ պատճառ բերելով՝ արցախցուն զրկում են իր մշակույթը ներկայացնելու իրավունքից։ Սակայն տարբեր ծրագրերի շրջանակներում մենք կարողանում ենք նաև այդ պատնեշը հաղթահարել և ներկայանալի լինել ոչ միայն հայությանը, այլ նաև օտարերկրացիներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ