Անկախությունը մեզ մատուցվեց սկուտեղի վրա, մենք անկախության համար չենք պայքարել երբեք


01:17 , 5 դեկտեմբեր, 2014

Մի օր տեղական մի հաստագլուխ ընտրովի իշխան քաղաքացու բողոքի մասին իր մարդականց մոտ արտահայտվել էր. «Ես դրանց հանդեպ ոչ մի պարտականություն էլ չունեմ, փողը տվել, ընտրվել եմ, հախ ու հաշիվ չկա»։ Նույն բանն արել են ու մտածում են «ազգընտիրները»։ 5000 դրամով յուրաքանչյուրը ծախել է անկախությունը, ինքնիշխանությունը։ Հիմա 5000-ն էլ կվերցնեն սահմանադրության 1-ին հոդվածը փոխելու համար (Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է) ու վերջ։ Անկախությունը սրանց համար չէ, սրանց, ովքեր այսօր խանութում թանկության մասին խոսելիս ասում են՝ ռուսն ի՞նչ մեղավոր է, որ...։ Անկախությունը մեզ մատուցվեց սկուտեղի վրա, մենք անկախության համար չենք պայքարել երբեք, դրա համար էլ չկարողացանք գնահատել, փայփայել ու պահպանել։ Դեմ քվեարկող 7 պատգամավորն էլ շատ էր մեզ համար։ Համաքաղաքացիս ՀԱԿ պատգամավոր է, անկախ իր քաղաքական կերտվածքից ու մարդկային դիմագծից՝ պատմության մեջ էր հռչակագրի տեքստի ընթերցմամբ, հիմա ազգի դավաճանների շարքին է դասվում։ Բորենիների խրախճանքի ժամն է, վերջ։