Հավատում եմ քո վերածննդին, ի′մ փառավոր հայրենիք...


01:18 , 21 սեպտեմբեր, 2012

Երբեմն զարմանում եմ ու ինձ հարց տալիս, հնարավոր է այսքա՜ն սիրել քեզ, այսքան լինել կապված ամեն քարիդ, հողիդ ամեն մի գուղձին, ճակատիդ ամեն մի ծալքին, որ լեռ է կոչվում... լինել այսքան քոնը, լինել այսքան քեզնով... զարմանում եմ ու չգիտեմ, ինչպես կամ ինչով ես ինձ կապել քեզ, ստիպել, որ ապրեմ սրտիդ ամեն զարկով, շնչիդ ամեն թրթիռով, չգիտեմ... գուցե ուրիշներն էլ են զարմանում. նայում են հեռվից ու զարմանում... իսկ մինչ նրանք զարմանում են, ես ապրում եմ ամեն քո ցավով, ամեն քո նոր բացվող առավոտով, ամեն խորհրդավոր մթնշաղով, կիսում եմ ուրախությունդ, լիանում ամեն, անգամ աննշան հաղթանակներովդ, ոտքերիս տակ զգում եմ զարկերակդ... 
թեկուզ թշվառ, պառաված, ուժասպառ, բայց իմն ես, ես ճանաչում եմ դեռ քո աղջկական մաքրամաքուր ժպիտը, ես հավատում եմ քո վերածննդին, որի բախտավոր վկան եմ լինելու: Սիրում եմ քեզ անբացատրելի, անմեկնելի սիրով... սիրում եմ քեզ կյանքիցս շատ, ի′մ տառապած, ի′մ փառավոր, ի′մ մի բուռ, բայց ԻՄ հայրենիք...