Պաշտոնական Ադրբեջանը դեռ ճշտում է ինֆորմացիան


17:11 , 22 նոյեմբեր, 2014

Արցախի Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ուժերը նոյեմբերի 22-ին ուղղաթիռի խոցման վայրից տարհանել են հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։

Հատուկ նշանակության գործողության ընթացքում «շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող»։ Պաշտպանության բանակը գործողության ընթացքում կորուստներ չի կրել:

ՊԲ-ը դիմել է հատուկ գործողության` հաշվի առնելով ադրբեջանական կողմի հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը:

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ արդեն անդրադարձել են այս տեղեկությանը` ընդամենը նշելով, որ հայկական կողմը նման բան է հայտարարում: Ադրբեջանի ՊՆ-ն մի կողմից «հերքել է» այս լուրը, սակայն մյուս կողմից հայտնել է, որ «դեռ ճշտում են ինֆորմացիան»։

Անձնակազմի 3 անդամների ճակատագիրը մինչ օրս անհայտ էր, իսկ ադրբեջանական կողմը միջազգային կառույցների՝ օդաչուների մարմինները դուրս բերելու միջնորդությանը տալիս էր լկտի պատասխան՝ նշելով, որ դա կարվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարկ համարի։