Մենք կարող ենք հարյուրավոր, հազարավոր դրոշներ այրել, սակայն կրակի մեկ ծուխն անգամ ոչինչ չարժե, եթե մեր 2 հարևաններին օնլայն հարթակում ջարդուփշուր անողը լսում է թուրքաադրբեջանական ելևէջներով համեմված երաժշտություն, հայ հասարակության մեծամասնությանն էլ պարտադրում է Արմենչիկի և Թաթուլի պես մշակութային սպանդ իրականացնող «կումիրների» ճաշակում, քայլում ենք փողոցներով և տեսնում ադրբեջանական ոճով հայ տղաների, սրա-նրա շորերից ու կոշիկներից հայ աղջիկների բամբասանքներ, իսկ ազգային մտածելակերպով առաջնորդվող մարդկանց կամ ծաղրում են, կամ էլ պարզապես օտարացնում, մեկուսացնում են իրենց «հայավարի» շրջապատից: Էլ չխոսեմ հեռուստաեթերի ամենօրյա աղբի, հակաազգային նյութերի և սոցիալական կայքերում, ինչպես Հայր Կոմիտասն է ասում, «սոդոմ-գոմորություն» քարոզող հղումների միլիարդանոց լայքերի մասին:
Շատ չշեղվենք թեմայից:
Սաֆարովի դեպքից հետո կարծեցի, թե կվերակենդանանա երբեմնի արիացու ոգին, սակայն երեկվա պատահարն ինձ համոզեց, որ անգամ այս հարցում մենք կրկնօրինակում ենք ազերիներին: Իմ ծանոթներից մեկին ավտոմեքենայի տակ էին գցել և օգնելու փոխարեն նրան կիսամեռածի պես շպրտել էին մոտակա հիվանդանոցի բակն ու անհետացել: Պարզ է, որ երկու կողմն էլ առանձին հաշիվներ են ունեցել, սակայն ապշեցնում է այն հանգամանքը, որ հայի մեջ էլ է ապրում այն նույն վայրագն, ով տաս տարի առաջ մորթազերծ արեց քնած մարդու, հայ մարդու: Այսօր այդ նույն հայ մարդիկ են իրար միս ուտում: Իսկ պատճառն ի՞նչն է: «Չմաքրված հաշիվնե՞րը»,«մեկը մյուսի հաշվին ինքնահաստատվելու ձգտու՞մը»: Իհարկե, Խորենացու, Նարեկացու, Կոմիտասի ժառանգներն այս հարցը կարող էին քաղաքավարի և բանական մարդուն վայել կերպով լուծել, սակայն ինչու դժվարեցնել գործը, եթե կարելի է քոչվորական ցեղերին բնորոշ վարքագծով վայրկյանների ընթացքում վերացնել բոլոր խնդիրները`արյունաքամ անելով դիմացինին:
Մենք ասում ենք.«Մահ ոսոխին» ու նույն վայրկյանին դանակն առնում ու մորթում ենք մեր իսկ հայրենակցին:
Մենք ինքներս ենք կազմակերպում մեր ցեղասպանությունը ոչ միայն ֆիզիկապես, այլև մշակութային սպանդի միջոցով: Մի՞թե հայն այսքան հեշտ է հանձնվել: