Մի Վայք, մի Հարություն Սարգսյան


18:58 , 6 նոյեմբեր, 2014

«Ժողովուրդ» թերթ, 2012 թվական
ՄԻ ՎԱՅՔ, ՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Եթե մայրաքաղաքում գործող իշխանության ներկայացուցիչները միշտ հանրային ուշադրության կենտրոնում են, ապա մարզերում գործող իշխանիկները մի տեսակ ապահովագրված են. աչքից ու երկրի իշխանություններից հեռու` սեփական տիրույթներին «ղարավաշի» պես կանգնած: Մայրաքաղաքում գործողները վերջիններիս նախանձում են, որովհետև նրանք անում են իրենց սրտների ուզածը, փակում են դեպի իշխանություն եկողների ճանապարհը: Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանն էլ մեկն էր «ստվերում» գործող համայնքապետերից, ով, 2008-ին «հաղթելով» Թարո Ավետյանին, ստանձնել է այս բնակավայրի կառավարումը: Իհարկե, այդ հաղթանակ ասվածը բավականին հարաբերական էր, քանի որ մրցակցի ու Սարգսյանի ձայների տարբերությունը չնչին էր` 22: Չափազանց հետաքրքիր կենսագրություն ունի Վայքի քաղաքապետը: 1980-ին` դպրոցն ավարտելուց մեկ տարի անց, ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի հեռակա բաժինը, երեք տարի անց, այսինքն` 21 տարեկան հասակում, զորակոչվել բանակ: 1986-ին աշխատանքի է անցել Վայքի «Ագրոսերվիս» միավորումում` որպես բանվոր: Իսկ այստեղ իր գործունեությունն ավարտել է տնօրենի կարգավիճակով: 1996-ին աշխատանքի է անցել Վայքի հարկային տեսչությունում` զբաղեցնելով պետի պաշտոնը: Իհարկե, նա այս պաշտոնը ստացել է իր մտերիմ ընկերոջ` Արամ Սարգսյանի աջակցությամբ, ով միջնորդել էր եղբորը` Վազգեն Սարգսյանին: 2000-2001-ին էլ եղել է Վայոց Ձորի հարկային տեսչության պետի տեղակալ: Մշտապես ձգտելով եկամտաբեր պաշտոնների` 2001-2005թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Վայոց Ձորի մարզային վարչության պետ: Թե ինչն էր պատճառը, որ 2005-ին Հարություն Սարգսյանին «իջեցրին» ու նշանակեցին ՀՀ սոցիալական ապահովագրության Եղեգնաձորի տարածքային կենտրոնի տնօրեն, չգիտենք: Բայց գիտենք, որ 2008-ի հունվարին նա անսպասելի թռիչք կատարեց Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնին, որը, սակայն, երկար չվայելեց ու նույն թվականի հոկտեմբերին դարձավ քաղաքապետ: Բնականաբար, փոխմարզպետերը մեծ իշխանական և ֆինանսական լծակներ չունեն, մինչդեռ քաղաքապետն այս առումով առավել ցանկալի վիճակում է: Հարություն Սարգսյանին փոխմարզպետի պաշտոնին բերել էր նրա ընկերը` այդ ժամանակ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Սամվել Սարգսյանը, ով, ըստ հավաստի աղբյուրների, լուրջ ֆինանսական ներդրումներ է կատարել քաղաքապետի պաշտոնը Հ.Սարգսյանին բաժին հանելու համար: Անշուշտ, Հարություն Սարգսյանն էլ աղքատ մարդ չի եղել, որովհետև ԽՍՀՄ տարիներին եղել է «Գյուղտեխնիկա» միավորման տնօրեն, իսկ հետո էլ անցել հարկային ոլորտ… Հենց հարկային ոլորտում աշխատած լինելու հանգամանքն էլ նպաստեց այն բանին, որ մարզի շատ գործարարներ աջակցեն ոչնչով աչքի չընկնող մարդուն` դառնալու քաղաքապետ: Հարություն Սարգսյանն իրապես Վայոց Ձորի մարզի մեծահարուստներից մեկն է, ունի «Պաջերո» մակնիշի թանկարժեք ջիփ մեքենա, նրան է պատկանում Զառիթափ գյուղում գործող «Փշոնք» ֆիրման, որը զբաղվում է թանի, մասուրի հյութի և սառը սուրճի արտադրությամբ: Այս տողերը կարդալուց հետո Հարություն Սարգսյանը կարող է շտապել որևէ դատարան և աղաղակել այն մասին, թե լրագրողն իրեն զրպարտել է: Բայց մինչ նա կվազի դատարան, թվաբանական մի պարզ խնդիր առաջադրենք նրան. ձևականորեն այդ ֆիրմայի սեփականատեր համարվող քաղաքապետի կնոջ եղբայրը եթե կարողանա ապացուցել, թե ինչ միջոցներով է դարձել այդ եկամտաբեր արտադրության տերը, մենք պատրաստ ենք ներողություն խնդրել գրվածի համար… Քաղաքապետի հանձնարարությամբ Վայքի բոլոր խանութպանները միայն «Փշոնք»-ի արտադրանքն են վաճառում` այսպես վայքեցիներին զրկելով այլ ֆիրմաների հյութերն ու թանը համտես անելու հնարավորությունից: Հավանաբար հենց հյութեր ու թան վաճառելով էլ Վայքի քաղաքապետը կարողացել է Երևանում գնել շատ լավ բնակարան: Չէ՛, մենք դեմ չենք, որ Հարություն Սարգսյանը Երեւանում բնակարան ունենա: Եթե Ղարաբաղի բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները Երևանում բնակարաններ ունեն, ինչո՞ւ պետք է մարզկենտրոնի քաղաքապետը բնակարան չունենա, մանավանդ որ, ինչպես նշեցինք, երկար տարիներ հարկայինում է աշխատել, բայց խնդիրն այն է, որ մտահոգված սեփական բարօրությամբ` այս մարդը մոռացել է իր ղեկավարած քաղաքի խնդիրների մասին: Վայքն իրենից ավան է հիշեցնում` անբարեկարգ փողոցներով, խորհրդային տարիների կերպարով ու նկարագրով:
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ