Ելակ. արդյոք գիտե՞ք նրա բազմաօգտակարության մասին


19:22 , 23 հոկտեմբեր, 2014

Պարզվում է, որ, բացի գերազանց համից, ելակը նաև անոթների առողջությանն է նպաստում: Իտալիայի ու Ֆրանսիայի գիտնականները ուսումնասիրություններ են կատարել ու պարզել ելակի մի շարք հատկություններ:

Պարզվում է, որ այդ հատապտուղն արդյունավետ կարգավորում է խոլեստերինի մակարդակը: Հետազոտության ընթացքում ստացվել են հետաքրքիր արդյունքներ, որոնք հրապարակվել են բժշկական մամուլում: Կամավորներին առաջարկվել էր օրական 500 գ ելակ ուտել: Փորձի ավարտին՝ մեկ ամսից, նրանք արյուն են հանձնել, որոնք համեմատվել են մինչ փորձը վերցված նմուշների հետ: Պարզվել է, որ ճարպային միացությունների մակարդակը նվազել է էականորեն, ինչն անմիջական ազդեցություն ունի սրտամկանի առողջական վիճակի վրա:

Դրանից մասնագետները եզրակացրին, որ ելակն օրաբաժնում ներառելը շատ արագ կարող է առողջության վրա բարերար ազդել: Բարելավվում են արյան կազմության ցուցիչները: Մասնագետները նշում են, որ ելակի ազդեցությամբ բարելավում է նկատվում արյան մակարդելիության, հակաօքսիդանտային կենսամարկերների մակարդակում ու պլազմայի լիպիդային պրոֆիլում:

Ավելի վաղ ուսումնասիրվել են սննդաբաժնում ելակի ներառման դրական արդյունքները, ու ապացուցվել է, որ այն ակտիվ պաշտպանում է արեգակնային ճառագայթումից ու օգնում ստամոքսի պատերը վնասող ալկոհոլի վնասակար ազդեցությունը նվազեցնելուն: Ստացված արդյունքների հիման վրա գիտնականները խորհուրդ են տալիս այդ հատապտուղը ներառել սննդաբաժնում: