8 միջոց սրտի հիվանդություններից խուսափելու համար


15:36 , 22 հոկտեմբեր, 2014

Սրտանոթային հիվանդությունները տարեցտարի երիտասարդանում են: Հստակ վիճակագրություն չկա, թե ինչպիսի զարգացման դինամիկա է հատկապես Հայաստանում, սակայն բժիշկները նշում են, որ իրենց պրակտիկայում երիտասարդների թիվը մեծացել է: Եթե մի ժամանակ այն համարվում էր հասուն ու ծեր մարդկանց հիվանդություն, ապա այն այժմ ներառել է նաև մեծ թվով երիտասարդների: Հիմնական պատճառները, ըստ սրտաբանների, անորակ սնունդն է, նստակյաց ու պասսիվ կյանքը, սթրեսներն ու լարվածությունը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը: Սրտանոթային հիվանդություններից կարելի է խուսափել կամ կանխարգելել դրանք՝ ունենալով օրվա ճիշտ ռեժիմ, սննդակարգ ու ապրելակերպ: Ձեզ եմ ներկայացնում 8 միջոց՝ սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար:

ՔԱՅԼՔ

Ամենապարզ և հեշտ տարբերակը սիրտը ամրացնելու և աշխատունակությունը բարձր պահելու համար քայլքն է: Հարկավոր է օրը գոնե 3000 քայլ անել: Աշխատանքից հետո տուն վերադարձեք ոտքով: Գոնե ճանապարհի կեսը անցեք քայլելով: Քայլքը կարգավորում է արյան շրջանառությունը և յուրահատուկ պրոֆիլակտիկա է սրտի համար:

ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐ

Սրտամկանի սնուցման համար անհրաժեշտ են միկրոտարրեր: Դրանք են կալցին, կալիումը և մագնիումը: Այս միկրոտարրերը օրգանիզմից դուրս են հանում անպետք խոլեստերինը և ավելորդ հեղուկները, իջեցնում են արյան ճնշումը և կարգավորում են սրտի ռիթմը:

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ

B խմբի վիտամինները անփոխարինելի են սրտանոթային հիվանդների համար: Այս վիտամինները թույլ չեն տալիս երակներին խցանվել և կարգավորում են սրտում արյան շրջանառությունը՝ թույլ չտալով երակների սպազմներ: B խմբի վիտամիններ են պարունակում ձուկը, հացահատիկը, սոյան, ոլոռը, սմբուկը, լոբին:

ՈՉ՝ ԱՂԻՆ

Մեծ քանակությամբ աղի օգտագործումը սննդակարգում խոչընդոտում է ավելորդ հեղուկի դուրսբերմանը, ինչը հանգեցնում է արտերիալ ճնշման բարձրացմանը և սրտի համար ստեղծում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Խուսափեք շատ աղ օգտագործելուց: Այն խցանում է երակները:

ԽՈՒՍԱՓԵՔ <<ՍԱԴՐԻՉՆԵՐԻՑ>>

Օրգանիզմի ու հատկապես սրտի համար սադրիչ են այն բոլոր մթերքներն ու հեղուկները, որոնք գրգռում են կենտրոնական նյարդային համակարգն ու սիրտը: Դրանք են սուրճը, թունդ թեյերը, կակաոն, շոկոլադը, կծու ու սուր համեմունքները: Դրանք ժամանակավոր ազդեցություն ունեն, փոխարենը ազդեցությունը թողնելուց հետո սրտի աշխատանքի վրա ճնշումը կրկնակի ավելանում է:

ԱՐՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԹԱՆՁՐ ԼԻՆԻ

Երբ արյունը թանձր է, այն չի կարողանում սրտին հասցնել օգտակար նյութերը: Այս հարցում ձեզ կօգնի մասուրի հյութը, ինչպես նաև այն բոլոր հեղուկները, որոնք պարունակում են վիտամին C: Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս նաև սխտոր օգտագործել:

ՇԱՏ ՔՆԵՔ

Որակյալ քունը լավագույնս է պայքարում սթրեսի ու լարվածության դեմ, ինչը սրտի առաջին թշնամիներից է: Քնելուց առաջ դուրս եկեք զբոսանքի մաքուր օդին, հաճախ օդափոխեք սենյակը և հեշտ քնելու համար կարող եք կաթով մեղր խմել:
Որպեսզի սիրտը առողջ լինի, հարկավոր է պարբերաբար հետազոտություն անցնել: Դա ոչ թանկ հաճույք է, ոչ էլ ժամանակատար, բայց փոքր ուշադրությունը կօգնի խուսափել մեծ ու երբեմն ճակատագրական խնդիրներից: