Haytni.com-ը գրում է․
Հայկական շոուբիզնեսի ամենասիրված և յուրահատուկ աստղերից մեկը՝ Սոնա Շահգելդյանը, Haytni.com-ի հետ կիսվել է իր ծրագրերի և սպասվելիք համերգների մասին:
-Սոնա, Դուք ներկայիս ամենահայտնի աստղերից եք, ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
-Հաջողությանս բանալին իմ անկեղծությունն է, ամենակարևորը՝ մարդ լինելը, իսկ ես այդպիսին եմ և՛ բեմում, և՛ բեմից դուրս:
-Երգարվեստում կ՞ա մի ոճ, որում երբեք չենք տեսնի Սոնա Շահգելդյանին:
-Չեմ կարծում: Ես բոլոր ոճերում էլ կարողանում եմ ինձ ճիշտ դրսևորել: «Երկու աստղ» նախագիծը դրա վառ ապացույցն է. ես միշտ տարբեր եմ բեմում, իմ երգերը մեկը մյուսին նման չեն: Կարծում եմ հենց դա էլ իմ հաջողության գլխավոր գրավականն է:
-Երգի բովանդակությանը ծանոթանալիս ինչի՞ն եք առաջնահերթ ուշադրություն դարձնում:
-Բառերին, որոնք պետք է իմաստ արտահայտեն: Երգի բառերն ու երաժշտությունը պետք է ներդաշնակ լինեն, որ հասնեն հանդիսատեսի ու հերուստադիտողի սրտերին, և յուրաքանչյուր երգ գեղեցիկ է, երբ յուրովի ես մատուցում:
-Ապագայում զուգերգ պատրաստե՞լ եք, հնարավո՞ր է համագործակցեք արտասահմանյան աստղերի հետ:
-Ամեն ինչ առջևում է, չեմ ցանկանում հիմա փակագծերը բացել: Մոտակա ժամանակահատվածում պատրաստ կլինի իմ և Արսեն Գրիգորյանի դուետը, այն Արսենի, որի հետ արդեն մեկ այլ գեղեցիկ դուետ ունեմ, բայց այս երգն էլ ոչնչով չի զիջի մյուսին:
-Ապագայում հայ հանդիսատեսը ակնկալիքներ ունենա՞ մենահամերգի հետ կապված, թեկուզև ակումբային տարբերակով, որը վերջին ժամանակներում շատ ակտուալ է դարձել:
-Հավանաբար եկող տարի կունենամ մենահամերգ, բայց ակումբային համերգներ ևս կունենամ:
-Սոնա, եղե՞լ է ինչ-որ պահ, որ զղջաք այս ասպարեզը ընտրելու համար:
-Երբեք ափսոսանք չեմ զգացել, և չեմ էլ զգա: Ես երգելու համար եմ ստեղծված, ու շնորհակալ և պարտական եմ Աստծուն, որ ինձ տվել է այս շնորհքը:
-Ձեր երգացանկում կա՞ մի այնպիսի երգ, որ հետադարձ հայացք նետելով չէիք ցանկանա կատարած լինել:
-Ոչ: Իմ երգացանկում չկա մի երգ, որ սիրելով երգած չլինեմ: Հնարավոր է, որ երգը այնքան էլ լավը չլինի, բայց այնպես մատուցես, որ ամեն բան տեղն ընկնի: Իմ երգացանկի բոլոր երգերն էլ սիրում եմ:
-Դեմ չե՞ք լինի, որ Ձեր երեխաներն էլ ընտրեն այս ասպարեզը:
-Դեմ չեմ լինի, բայց թող չընտրեն, շա՜տ դժվար բնագավառ է: Կարևորը բալիկներս առողջ լինեն, լավ մարդ ու տաղանդավոր, մնացածը ժամանակը ցույց կտա:
-Սոնա, Ձեր երկրպագուներին անհանգստացնում է նաև Ձեր անձնական կյանքը: Սպասվու՞մ են փոփոխություններ մոտակա ժամանակներում:
-Անձնական կյանքումս ամեն ինչ հիանալի է, ես ունեմ սիրած էակ, ինձ համար շատ կարևոր մեկը: Ամեն բան տեղի կունենա իր ճիշտ ժամանակին, և բոլորն էլ կիմանան այդ մասին: Կարևորը գտել եմ նրան և հավատում եմ իմ ճակատագրին: