Բերկրանք


21:49 , 1 սեպտեմբեր, 2012

  Ես գիտեի, թե անձրև չեմ սիրում, ատում եմ անձրևը, որովհետև չկա արև, չկա ուրախություն... բայց ուրախ մարդիկ առանց անձրևի էլ ուրախ են։ Առաջ անձրևի ժամանակ միշտ թախծում էի, ընկնում մտքերի մեջ, նվնվում... Բայց հասկացա, որ իմ թախծելով անձրևը չի դադարի թակել պատուհանս, թախծելուց միայն հոգուս անձրևը կփոթորկվի։ Հասկացա, որ դժգոհելու փոխարեն կարելի է վայելել նրա ամեն կաթիլը, որ ընկնում է դեմքիդ, հաշվել այդ անձրից առաջացած գետակներում քանի պղպջակ կա, ծիծաղել, պտտվել կամ պարզապես քայլել անձրևի ու ականջակալներում հնչող երգի ուղեկցությամբ։ Բայց երբեմն դադար տալ այդ երգին ու լսել բնության, անձրևի երգը։ Հիմա անձրևն ինձ մեծագույն հաժույք է պատճառում։ Հազիվ եմ ինձ զսպում, որ չհագնեմ աշնանային իմ սիրած կաշվե կոշիկները, պարանոցիս փաթաթեմ իմ սիրած շարֆիկը` աշնանային գույներով ու թռչեմ դուրս` եղանակը վայելելու։
  Բերկրանք է նաև պարզապես նստել տանը, կիսաբաց պատուհանի մոտ, մի բաժակ թեյ կամ սուրճ ըմպել ու գիրք կարդալ։ Վստահ եմ, որ բոլորի տանն էլ մի ամբողջ գրադարան կա։ Վերցրեք պատահական մի գիրք ու կարդացեք։ Աննկարագրելի հաճելի զգացողություն է դա, նույնիսկ կոգեշնչվեք այդ մթնոլորտից։ Կամ կարող եք կարդալ ձեր սիրելի բլոգերների նյութերը, վերընթերցել նույնիսկ։ Բայց գիրք կարդալն ուրիշ հաճույք է, ավելի կենդանի, ավելի ջերմ։

  Մի պահ կտրվիր աշխարհից, վայելիր անձրևը, սուրճը կամ թեյը, որ կում-կում ըմպում ես, նկատիր գոլորշին, որ բարձրանում է բաժակից, զանազան պատկերներ ստեղծում օդի մեջ ու անհետանում, գրքի թերթերը, որ ճոճվում են կիսաբաց պատուհանից ներս թափանցող քամուց, զգա, թե ինչպես է շնչում ծառը, ինչպես է ամեն մի կաթիլը սահում մի տերևից մյուսը... Զգա` ինչպես ես շնչում դու, ինչպես է կուրծքդ ամեն անգամ վերուվար անում։ Ընդունիր, որ դու այս բնության ծնունդն ես։ Ընդունիր, որ ամեն ինչ իր մեջ գեղեցկություն ու խորհրդավորություն ունի։
  Այն ամենը, ինչ բնությունն է ստեղծել, չի կարող գեղեցիկ չլինել։ Այդ գեղեցկությունը նկատել ու վայելել է պետք։
  Վայելի՛ր բնության պարգևած ամեն ակնթարթը, վերցրու՛ այդ բերկրանքը։
  Մաղթում եմ քեզ ծիածան անձրևից հետո... եթե գլխի ես ընկնում խոսքն ինչ անձրևի մասին է ;)...
  Իսկ ես գնամ անձրևի տակ մի քիչ զբոսնելու...
  Կմիանա՞ս ինձ ։)...