Կծած շքանշան


17:15 , 30 օգոստոս, 2014

Պապիկս ունի մի շքանշան : Դա նա վաստակել է պատերազմի դաշտում ցուցաբերած արիության համար, մի անգամ ես այն գտա պահարանում`մի փոքրիկ տուփի մեջ խնամքով պահված: Ես ոգևորված բացեցի տուփը և տեսա շքանշանը, բայց նրա մի մասը կարծես կծած լիներ, այնպես ինչպես թխվածքաբլիթն են կծում: Զարմացա, փորձեցի կծել, ատամներս սաստիկ ցավեց. «Բայց ինչո՞ւ է պապիկը այն կծել», մտածեցի ես և վազելով գնացի նրա մոտ`բացատրություն ստանալու:
-Պապիկ, նայիր ի՞նչ եմ գտել:
-Հապա, այս անգամ ի՞նչ միջատ ես բռնել:
-Ոչ սա միջատ չէ:
-Միգուցե , մեքենայի մասերի՞ց է:
-Ոչ, սա քո շքանշանն է, բայց այն դու կծել ես`խնձորի նման, ինչո՞ւ:
Պապիկս առավ շքանշանը և ընկավ հուշերի գիրկը: Աչքրից արցունքներ սկսեցին հոսել…
-Պապիկ, դու չէիր ասում, որ տղամարդիկ չեն լացում, ինչո՞ւ ես հիմա դու լաց լինում:
-Ես պարզապես կծած շքանշանի համը հիշեցի:
-Եվ, այն քա՞ղցր էր, թե ՞աղի, կամ միգուցե կծո՞ւ:
-Ոչ այն շատ դառն էր, բայց անհրաժեշտ:
-Այնքան դառը, որքան քո դեղերը:
-Այո, դրա նման մի բան, բայց ավելի օգտակար, քան դեղերը:
-Ինչո՞վ էր օգտակար:
-Գիտես թոռնիկս, երբ ես պատերազմի դաշտում էի և հանկարծ նկատեցի, որ մի զինվոր փորձում է ինձ սպանել, արագ կծեցի շքանշանս և գնդակը ինձ չվնասեց:
-Իսկապե~ս, փաստորեն դու այն ընդահմենը մեկ անգա՞մ ես օգտագործել:
-Այո, միայն մեկ անգամ եմ կծել:
-Իսկ կարո՞ղ եմ ես այն վերցնել, կարող է կրկին պատերազմ սկսվել, ես այն կկախեմ իմ զգեստից, որ վտանգի դեպքում կծեմ`չնայած այն դառն է, բայց անհրաժեշտ է, որ իմ երկիրը և հարազատներին կարողանամ պաշտպանել:
-Ես չեմ ցանկանում, որ պատերազմ սկսվի, թող այն իսպառ վերանա մարդկանց մտքերից, պատերազմը շատ վատ բան է:
-Կոնֆետ գողանալու նման վա՞տ է:
-Այո, երևի դրանից էլ վատ: Բայց մի օրենք կա, դու պետք է քեզ համար նման շքանշան վաստակես`լավ ծառայելով, այդ ժամանակ դու պաշտպանված կլինես:
-Լավ, պապիկ, խոստանում եմ, որ ես մի կոնֆետի տուփի չափ շքանշան կունենամ, որ անպաշտպաններին բաժանեմ:
-Ապրես թոռնիկս, երանի թե քեզ այդ շքանշանները պետք չգան…
-Լավ , պապիկ, արի գնանք տուն:
-Գնացինք, արդեն ուշ է:
Ես պապիկիս շքանշանը կրում եմ կրծքիս, այն ինձ ուժ է տալիս ու հիմա ես ուզում եմ վերադառնալ մանկություն, որ հավատամ շքանշանի հզոր ուժին, որ այն կծելուց է կիսատ դարձել, ոչ թե թշնամու գնդակը իր վրա կրելով…