Չընդհատված երջանկություն


22:56 , 19 օգոստոս, 2014

Սրտիկը անհանգիստ տրոփեց, փորձում էր ըմբռնել շշուկները.

-Սիրելիս ես հղի եմ, գրկիր ինձ:

-Դա դեռ ուրախանալու առիթ չէ,- չոր շպրտեց,- վաղը կգնանք ստուգելու, միգուցե վաղն արդեն հղի չլինես:

-Ախր ի՞նչ տարբերություն, չէ՞ որ ով էլ լինի մեր արյունն է, մեր փոքրիկը, մեր ուրախությունը, պատկերացնում ե՞ս հիմա մեր աղջնակին չունենայինք:

-Ոչ,-անակնկալի եկած,- բայց... բայց ախր ես տղա եմ ուզում:

-Խոստանում եմ, որ ես քեզ տղա կպարգևեմ, օրերից մի օր մենք որդի կունենանք, չի կարելի, դա սպանություն է:

-Վաղը կգնանք իմանալու երեխայի սեռը, որոշված է:

Կծկվեց, սրտիկը սկսեց ավելի արագ բաբախել, տագնապը գնալով շատանում էր, ուզում էր ապրել, արդեն ինքնասիրահարված աղջիկ էր դարձել, թաթիկները դուր էին գալիս արդեն, ուզում էր հայելու մեջ նայել, արդեն պատկերացնում էր, թե ինչպես է տղաների գլուխը պտտելու, բայց վախենում էր. այդ օրը չքնեց:

-Սելեկցիոն աբորտը չի խրախուսվում, սակայն ամեն զույգ իրավունք ունի գնալ այդ քայլին, մինչև պտղի որոշակի զարգացման փուլը,-լսեց բժշկի հերթապահ զգուշացումը,- տեսնես ինչ է սելեկցիոն աբորտը՝ անցավ մտքով, այս ինչ բառեր են օգտագործում:

Զգաց թե ինչպես մայրիկի սիրտը սկսեց ավելի ուժեղ բաբախել, սառը գործիքի շփումը զգաց:

- Ուզում են իմանալ, թե ես ով եմ, բայց ի՞նչ տարբերություն,- անցավ մտքով:

-Աղջիկ է, բայց պտուղն արդեն բավականին մեծ է ու չի կարելի աբորտ անել:

-Այո, ես հաղթեցի,- թաթիկով խփեց մայրիկի փորին,- մայրը հրճվեց:

Հոր աչքերում էլ երջանկության արցունքներ հայտնվեցին, կարծես ուղղակի տուրք էր տալիս մենթալիտետին, ուրախ էր, որ արդեն ուշ է: Զգաց հայրիկի հաղթ բազուկները, երեքն էլ երջանիկ էին, աչուկները արագ արագ թարթում էր, թիթիզ աղջնակի նման:

-Հայրիկիս համար լավ աղջիկ կլինեմ, տղայի նման ուժեղ կլինեմ ու նեղություն չեմ տա,- հաստատ որոշեց մտքում ու փակեց աչուկները: