Մեր մանուկների կյանքը՝ հայերեն. ինչպիսի՞ն է այն


21:32 , 19 օգոստոս, 2014

Պարզ է, որ մանուկների համար մտահասանելի և զգայելի է առավելապես այն իրականությունը, որը նրանց տրվում, ներկայացվում է հայերենով՝ իրենց համար հասկանալի դեռ միակ լեզվով: Հայտնի է, որ լեզուն է արձանագրում իրականությունը, եթե մի բան տրված չէ լեզվում, արտահայտելի չէ, ապա դրա գոյությունը փաստված չէ:

Ինչևէ, ի՞նչ իրականություն է հասանելի մեր մանուկներին հայերենով. հեքիաթներ, մուլտֆիլմեր, երգեր ու պարեր, էլ ի՞նչ: Մանկական էլ գրեթե ոչինչ. շատ մի քիչ մանկական գրականություն հայերենով, մի քիչ մանկական հեռուստածրագրեր հայերենով, և ո՛չ մի գեղարվեստական մանկական ֆիլմ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Մուլտֆիլմեր կան, գեղարվեստական ֆիլմեր՝ չկան: Մինչդեռ գեղարվեստական ֆիլմերն ու գեղարվեստական գրականությունն է տալիս պատկերացում հերոսների, խիզախության, պատասխանատվության, ընկերության, սիրո, նվիրվածության և այլնի մասին այնպես, որ երեխան հասկանա: Չէ՞ որ երեխան սովորում և մեծանում է՝ նմանակելու սկզբունքով: 
Իսկ մենք այդ ամենը՝ ընկերությունը, պատասխանատվությունը, խիզախությունը, քաջությունը... հայերենով մանուկների համար հասանելի ձևով չունենք, կամ գրեթե չունենք: Փոխարենը հայերենով ունենք իբր հումորային ժանրի սերիալներ, իսկական կրիմինալ ժանրի սերիալներ ու կինոներ, հեռուստահաղորդումներ՝ բանբասանքի, քեֆի և ուրախության, դավաճանության մասին, անհոգ կյանքը քարոզող մանկական երգեր և այլն: Հետո էլ զարմանում ենք, թե երեխաների մեջ ինչու է ավելացել եսակենտրոնությունը, հաճույքապաշտությունը, կամակորությունը, անպատասխանատվությունը, խորամանկությունն ու բռիությունը:
Դա են ամեն օր լսում, հասկանում ու զգում հայերենով, դա էլ ձևավորում է իրենց էությունը:

Հ.Գ. Ժամանակին ընդունված էր երեխաներին մեծի տեղ դնել, նրանց հետ մեծի պես խոսել, երեխաներն էլ իրենց մեծերի նման պատասխանատու, ուժեղ, կարող էին զգում: Ու մեծերը միշտ ասում էին՝ «կյանքը խաղ ու պար չէ»: Իսկ հիմա նույնիսկ մանկական մի երգ կա այսպիսի խոսքերով՝ «երբ դու ժպտում ես, կյանքը պտտում ես դեպի վեր, դեպի սեր, դեպի խաղ ու պար»...