Զրույց խղճիս հետ. մաս 1


21:25 , 15 օգոստոս, 2014

Հոգիս, ու՞ր հասար…
Ո՞րն էր քո վերջնական հանգրվանն այս երկարատև դեգերումներից հետո: Հասկացա՞ր վերջապես, որ Լույսը խավարի հետ չեն փոխում, որքան էլ հրապուրիչ է խավարը, որքան էլ լուսավոր ու պայծառ անուն ունի նա:
Դու ուրացար ամեն ինչ, ուրացար ամեն մեկին՝ հանուն ստվերի, հանուն խավարի:
Դու ուրացար իսկական լույսը….
Քեզ համար ի չիք պատիվ, արժանապատվություն… դու ձեռք մեկնեցիր ճահճում խեղդվողին, փորձեցիր փրկել նրան, բայց ինքդ հայտնվեցիր այնտեղ….
Իսկ ճահճում, ճահիճը լի էր… աղբով, ճահիճը լի էր կեղծիքով, ստով, մութով…
Իսկ դու այնտեղ Լույս էիր որոնում….
Խավար էր պատել աչքերիդ հոգիս, ու այդ խավարը փակել էր արևը… դու առաջնորդվում էիր սոսկ լուսնի լույսով…
Դու ուշ, շատ ուշ հասկացար, որ որքան էլ մթության մեջ առկայծի լուսինը, նա խավարի բաժինն է, ու երկնքում միակ լուսատուն Արևն է: Լուսինը լուսատու չէ հոգիս, նա Արևի լույսով է շողշողում, նա չունի սեփականը… դա կեղծ լույս է…
Դու հավատացիր Վերածննդին, հավատացիր, որ կարելի է ցրել խավարը Արևի լույսով… բայց, դու հաշվի չառար, որ հոգու խավարը ցրել հնարավոր չէ, որ տեսակն իր էությունը չի փոխում երբեք: Վաճառողը հոգի չունի, վաճառվողն՝ առավել ևս…
Դու միամտաբար հավատացիր ստին, կեղծիքին, դու մեծահոգաբար ներեցիր դավաճանություններ, դու արժանապատվորեն նայեցիր նենգ դավողի երեսին ու մեղմ ժպտալով երես թեքեցիր խավարից, երբ աչքերդ մեկեն բացվեցին, երբ կուրությունդ բուժվեց:
Բայց ի՞նչ գնով, հոգիս… ի՞նչ գնով,,,
Հիասթափության, ցավի, մորմոքի…
Ախր հոգիս, մի՞թե ժամանակին չհասկացար, որ խավարը սև է… որ խավարում, ճահճում բնակվողների հոգին սև է: Մի՞թե միամտորեն կարծում էիր, թե ագռավին արծվի թևեր տալով՝ նա կարող է ճախրել…
Չէ, նա չի կարող ճախրել… ճախրանքը նրա համար չէ…. Նա սկզբից գլխապտույտ ապրեց այդ վայելքից ու ծանրության տակ ընկավ. Ընկավ՝ ազատ անկման արագությամբ…
Մի՞թե չհասկացար դավը, խաղը, որ ստոր ու նենգ հաշվարկից էր ծնված…
Ինչևէ, հոգիս… հետ մի նայիր այլևս….
Սլացիր, ճախրիր դեպի Արևը… լույսը, իսկական լույսը բուժող է, լույսն ամոքիչ է…
Բարի թռիչք քեզ հոգիս…
15.08.2014