«Իմ կենսագրությունը». Չարլի Չապլին


15:11 , 1 օգոստոս, 2014

Ֆրանսիայի հարավում, գերեզմանատներից մեկում, ես մի անգամ գերեզմանաքարի վրա տեսա տասնչորս տարեկան մի ժպտացող աղջկա լուսանկար, իսկ ներքևում կարելի էր կարդալ "Pourquoi?" (Ինչու՞ - ֆրանս.):
Ես չեմ կարող հավատալ, որ մեր կյանքը պատահական բնույթ ունի և զուրկ է իմաստից, ինչպես հավատացնում են մեզ մի քանի գիտնականներ: Կյանքը և մահը չափազանց անխախտելի են, չափազանց անողոք, որպեսզի լինեին պատահական:
Մարդն իրավունք ունի մտածելու կյանքի ունայնության մասին, այն մասին, որ կյանքը և մահը զուրկ են իմաստից, երբ նա տեսնում է, թե ինչպես է մեռնում հանճարը ծաղկուն տարիքում, տեսնում է աշխարհում տեղի ունեցող հեղակործանումները, աղետներն ու անկումները: Բայց արդեն այն հանգամանքը, որ դրանք տեղի են ունենում կյանքում, ասում է այն մասին, որ դա գոյություն ունի մի ամուր, հաստատված, անխախտելի նպատակով, որը անհասանելի է երեք չափումների մեջ սահմանափակված մեր ըմբռնողությունը:
Որոշ փիլիսոփաներ կարծում են, որ աշխարհում ամեն ինչ նյութական է, շարժման այս կամ այն ձևի մեջ գտնվող, և որ կյանքում գոյություն ունեցածի վրա չի կարելի ոչինչ ոչ ավելացնել, ոչ պակասեցնել: Բայց եթե նյութը շարժումն ինքն է, ապա դա կարող է կայանալ պատճառի և հետևանքի օրենքով: 
Եթե ես դրա հետ համաձայն եմ, նշանակում է յուրաքանչյուր գործողություն նախորոշված է: Իմ քթի վրայի քերծվածքը նույնպես նախորոշված է, ինչպես և երկնաքարի անկումը: Կատուն ման է գալիս տան շուրջը, տերևը ընկնում է ծառից, երեխան սայթաքում է: Մի՞թե այդ գործողությունները չեն կանխորոշված անսահմանության մեջ: Մի՞թե դրանց պատճառները և հետևանքները չեն մնում հավերժության մեջ: Մեզ հայտնի է անմիջական պատճառն այն բանի, թե ինչու ընկավ տերևը, կամ ինչու սայթաքեց երեխան, բայց մենք չենք կարող հետամուտ լինել իսկական սկզբին ու վերջին...