Ճանաչված մարդիկ էլ են գալիս...մի մատուցողուհի-մարմնավաճառի պատմություն


13:02 , 31 հուլիս, 2014

Ճանաչված մարդիկ էլ են գալիս...մի մատուցողուհի-մարմնավաճառի պատմությունHenaran.am-ը գրում է.

Աշխատանքային այցով գտնվում էի մարզում: Մի քաղաքից մյուսը գնալիս ճանապարհին հանդիպեցի մի կնոջ: Վարորդը հարցրեց, թե կարող ենք նրան էլ տեղափոխել մեզ հետ, ես դեմ չէի: Կնոջ արտաքինն ինձ տհաճ էր, տգեղ չէր, սակայն հագուպակը ենթադրում էր, որ նա զբաղվում է աշխարհի ամենահին մասնագիտությամբ:

Սկսեցինք զրուցել: Կինը մոտ 30 տարեկան էր: Պատմեց, որ աշխատում է մոտակայքում գտնվող ռեստորան-հյուրանոցներից մեկում, սկզբում մատուցողուհի է եղել, սակայն տարիների ընթացքում այլ պարտականություններ էլ են դրել նրա վրա: ՛՛Մեկ-մեկ էլ հյուրերին այլ ծառայություններ եմ մատուցում բացի սեղան քցելուց ու հավաքելուց՛՛,-ասաց նա:

17 տարեկանում Արմինեն ամուսնացել է, ինչպես ասում են՝ փախել է սիրելի տղամարդու հետ, մի քանի տարի միասին ապրել են: ՛՛Հետո սկսեց ամեն օր ինձ ծեծել, ուժեղ չէր խփում, բայց ճվում էի. խմում էր ամեն օր: Աղջիկ ունեցանք, հենց դառավ 2 տարեկան, մարդս թողեց մեզ ու գնաց, փախավ՛՛: Արդեն 10  տարի է, որ կինն այլևս ոչ մի լուր չունի դստեր հորից: ՛՛Քաղաքում գործ էի ման գալիս, չէի ճարում, երեխուս էլ պիտի պահեի: Սկսեցի էդ ռեստորանում աշխատելը...՛՛:

Արմինեի ներկայացմամբ՝ աշխատանքի ընդունվելիս իրեն չեն ասել, որ այլ ծառայություններ ևս պետք է մատուցի տեղում, ընթացքում այդպես է ստացվել, չեն պարտադրել, սակայն իր սրտով էլ չի եղել:

Կնոջ խոսքով՝ տղամարդիկ գալիս են ռեստորան ՛՛լավ քեֆ անելու՛՛, իր ծառայությունների համար էլ 15-30 հազար դրամ են վճարում: ՛՛Արդեն մեծ եմ, ջահել չեմ, որ շատ վերունեմ, էդքան ա՛՛: Արմինեն ասաց նաև, որ տարբեր պաշտոնյաներ էլ են իրենց մոտ այցելում: ՛՛Բոլորին էլ գիտեմ, ճանաչված մարդիկ են, բայց չեմ ասի անունները: Հետո կգան, կասեն՝ խի ես ասել՛՛:

Ի՞նչ է ասում այս աշխատանքիդ վերաբերյալ աղջիկդ, հարցրեցի նրան, ինչին պատասխան հնչեց. ՛՛Դեռ փոքր է, չի հասկանում: Ի՞նչ անեմ, իրա հմար եմ անում: Մի քիչ էլ կաշխատեմ, փող կհավաքեմ, կգնամ էստեղից ուրիշ երկիր, տենամ՝ ինչ կարամ աշխատեմ:

Ի՞նչ անեմ ազիզ, էն ժամանակ ասի՝ հավաքարար աշխատեմ, փողը քիչ էր, հիմա էլ կա հավաքարարի գործ, անգելերեն ու կամպյուտըր պիտի իմանամ, որտե՞ղից իմանամ՛՛:

Երբ զրույցին խառնվեց վարորդը՝ ասելով, որ Արմինեն սխալ ուղի է բռնել, դուստրն է հետո խնդիրներ ունենալու, չի հարգվելու և այլն, կինը հարցրեց. ՛՛Դու չե՞ս դավաճանել կնգանդ՛՛: ՛՛Դավաճանել եմ՛՛, -եղավ պատասխանը: ՛՛Բա, բոլոր տղամարդիկդ էլ նույնն եք, խոսում եք մենակ, լավ էլ տեղն եկած ժամանակ ձեր գործն անում եք…՛՛:

Հասնելով քաղաք՝ Արմինեն շնորհակալություն հայտնեց, իմ ու վարորդի վրա օժանելիք լցրեց ու գնաց…