Մերի Ուիլսոնը 33 տարեկան է: Նա ավարտել է համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, սակայն երբեք չի զբաղվել իր մասնագիտությամբ: Նա ներկայումս աշխատում է իբրև ադմինիստրատիվ ասիստենտ, իսկ լուսանկարչությունը համարում է իր հոբբին: Նա ասում է, որ դեռևս շատ բան ունի սովորելու լուսանկարչության ասպարեզում, դրա համար էլ դեռևս չի որոշել իր հոբբին մասնագիտության վերածել:
-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել լուսանկարչությամբ և ինչու՞ ընտրեցիք դիմանկարչությունը:
-Ես աշխատանքային գործունեությանս ամենասկզբից սկսել եմ զբաղվել դիմանկարչությամբ: Ես սիրում եմ դիմանկարներ դիտել և նկարել: Կարծում եմ, որ դիմանկարչությունը լուսանկարչության ամենաարտահայտիչ ուղղությունն է: Դրա միջոցով կարողանում ես պատկերել ոչ միայն մարդու դեմքը, այլև նրա հոգին, ոչ միայն նրա հիշարժան պահերը, այլև նրա զգացողությունները: Ինչ-որ մոգական ուժ կա այդ ամենի մեջ, որը թույլ է տալիս կանգնեցնել ժամանակը և հավերժ փայփայել գեղեցիկ հուշերը:
Ես չեմ էլ իմանում, թե երբ եմ նկարել իմ առաջին լուսանկարը: Ես հիշում եմ, թե ինչպես էր հայրիկս ընտանեկան լուսանկարներ նկարում: Նա այնքան էր սիրում լուսանկարչությունը: Նա մահացավ իմ դստեր ծննդյան օրը: Դա շատ սարսափելի էր: Երբ ես դասավորում էի նրա իրերը, ես գտա նրա ֆոտոխցիկը, և դա վերահաստատեց իմ այն համոզմունքը, որ ես պետք է նվիրվեմ լուսանկարչությանը: Ես սկսեցի կարդալ լուսանկարչության մասին գրքեր, մասնակցել լուսանկարչական դասընթացների և լուսանկարել, լուսանկարել ու անվերջ լուսանկարել: Հետո ես սկսեցի լուսանկարել իմ ամենասիրելի մարդկանց՝ ամուսնուս ու դստերս:
-Ձեզ համար դժվա՞ր է ստանալ Ձեր ցանկացած լուսանկարը: Ինչպե՞ս եք կարողանում այդպիսի հեքիաթային լուսանկարներ ստեղծել:
-Երբ ես լուսանկարում եմ աղջկաս կամ այլ երեխաների, ես մեծամասամբ թույլ եմ տալիս նրանց մնալ անկաշկանդ երեխաներ: Երբ աղջիկս զբաղված է երգելով, պարելով կամ խաղով, ես սկսում եմ լուսանկարել նրան: Ստացվում են ինքնաբուխ ու հեքիաթային լուսանկարներ: Բացի երեխաներին լուսանկարելուց, ես հաճախ նաև ինքնանկարներ եմ նկարում:
-Ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:
-Ես ներշնչանքի բազմաթիվ աղբյուրներ ունեմ՝ կինոնկարներ, երգեր, գրքեր, նկարներ, իմ ամուսինը, դուստրը, բնությունը… Ես, իհարկե, ունեմ որոշ սիրելի լուսանկարիչներ, որոնց մեծ մասը 60-ականներին են ակտիվորեն ստեղծագործել: Իմ լուսանկարներում զգացվում է այդ լուսանկարիչների ազդեցությունը:
-Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ սկսնակ լուսանկարիչներին:
-Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, որ կարող եմ որևէ խորհուրդ տալ որևէ մեկին: Ես դեռ այն փուլում եմ գտնվում, երբ ինքս Ձեր խորհուրդների կարիքն ունեմ: Միայն կարող եմ ասել, որ լավ նկարներ ստանալու համար պետք է սրտանց զբաղվել լուսանկարչությամբ: