Լիբիայում բախումների ժամանակ հրկիզվել են նավթի տանկերները


12:19 , 28 հուլիս, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանում տեղի ունեցող բախումների ընթացքում հրկիզվել են մի քանի նավթի տանկերներ, ինչի կապակցությամբ Լիբիայի կառավարությունը «միջազգային օգնություն» է խնդրել:
 
Կառավարության կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում է, որ հակառակորդ միլիցիայի խմբերի միջև բախումների պատճառով մեծ հրդեհ է բռնկվել, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ մարդկության և շրջակա միջավայրի վրա:
 
Լիբիայի հեռուստաալիքները օդանավակայանին մոտ տարածքներում բնակվող բնակիչներին կոչ են անում տեղափոխվել: Տրիպոլիի երկինքը պատվել է սև ամպերով:
 
Օդանավակայանի վերահսկողության համար մարտերն սկսվել են 2 շաբաթ առաջ, երբ Միսրատա քաղաքի իսլամիստ միլիցիան անակնկալ հարձակում է ձեռնարկել օդանավակայանի վրա, որը գտնվում է Զինտան քաղաքի հակառակորդ միլիցիայի վերահսկողության ներքո:
 
Հակամարտության արդյունքում մահացել են տասնյակ մարդիկ: