Հարց իրավաբանին. Ի՞նչ կարգով է վերադարձվում փոխառության գումարը, և հնարավո՞ր է վիճարկել փոխառության պայմանագիրը


20:00 , 23 հուլիս, 2014

Փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Անտոկոս փոխառության գումարը փոխառուն կարող է վերադարձնել վաղաժամկետ, իսկ տոկոսներով տրամադրված փոխառության գումարը կարող է վաղաժամկետ հետ վերադարձվել միայն փոխատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ փոխառության պայմանագրով: Փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

Փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:

Վկաների ցուցմունքների միջոցով փոխառության պայմանագրի վիճարկում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի, փոխառուի ներկայացուցչի և փոխատուի չարամիտ համաձայնությամբ կամ այլ ծանր հանգամանքների բերումով:

Եթե փոխառության պայմանագիրը վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով

Կարեն Տոնոյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին: