Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը մինչեւ օգոստոսի 25-ը պետք է ներկայացնեն իրենց հրաժարականները


19:13 , 22 հուլիս, 2014

Արտաքին եւ ներքին մարտահրավերները հարկադրում են հայկական քաղաքական համակարգի ամբողջական վերբեռնմանը։ Միաժամանակ երկրի անվտանգությունը պահպանելու հրամայականը անհրաժեշտություն է թելադրում` այդ գործընթացը իրականացնել լայն քաղաքական եւ հանրային կոնսենսուսի հիման վրա։ Այդ չափանիշին համապատասխանող համակարգափոխությունը կարող է ունենալ հետեւյալ ձեւաչափը․

Սերժ Սարգսյանը եւ խորհրդարանական բոլոր կուսակցությունները ստորագրում են քաղաքական պայմանագիր հետեւյալի մասին․

1. Մինչեւ օգոստոսի 25-ը Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Սերժ Սարգսյանը ներկայացնում են իրենց հրաժարականները։

2. Մինչեւ օգոստոսի 25-ը Սերժ Սարգսյանը ստորագրում է Անցումային Ազգային Խորհուրդ (ԱԱԽ) ձեւավորելու մասին հրամանագիր, որով դրան է լիազորում իրականացնել երկրում բարձրագույն իշխանությունը անցումային շրջանում՝ իր հրաժարականի ընդունումից մինչև նոր ընտրված նախագահի պաշտոնն ստանձելու օրը։ ԱԱԽ նախագահ նշանակում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ ԱԱԽ մյուս անդամներին նշանակում է ԱԱԽ նախագահը՝ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի հետ խորհրդակցություններից հետո։

3. Մինչեւ օգոստոսի 25-ը Սերժ Սարգսյանը ստորագրում է Ազգային ժողովը ցրելու մասին հրամանագիրը, որը ուժի մեջ է մտնում արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկության օրվանից հետո 21-րդ օրը։

4. Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվում են արտահերթ նախագահական ընտրություններից հետո 61-րդ օրը։

5. Ազգային ժողովը մինչեւ օգոստոսի 25-ը ընդունում է ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծ, որի համաձայն կասեցվում են կենտրոնական եւ տարածքային հանձնաժողովների անդամների լիազորությունները եւ ԱԱԽ-ին տրվում է լիազորություն նշանակել այդ հանձնաժողովների նոր անդամներին։
6. Ազգային Ժողովը մինչև օգոստոսի 25-ը ընդունում է օրինագիծ, որի համաձայն կասեցվում են Հանրային հեռուստատեսության և ռադիոյի Հանրային Խորհրդի անդամների լիազորությունները և ԱԱԽ-ին տրվում է լիազորություն նշանակել այդ խորհրդի նոր անդամներին։

7. Արտահերթ ընտրություններում մասնակցող բոլոր քաղաքական ուժերը հրապարակային համաձայնություն են տալիս ազնիվ, առանց ընտրակաշառքի եւ հարկադրանքի միջոցների կիրառման ընտրություններում իրենց մասնակցության վերաբերյալ։