Պայքարելը փողոց դուրս գալը կամ ոստիկան ծեծելը չէ


14:53 , 22 հուլիս, 2014

Հե՜յ, խենթ ժողովուրդ...
***
Չե՞ք հոգնել այս ամենից, Ձեզ եմ ասում, չե՞ք հոգնել ապրել այս ամենը, բայց այս ամենին նայել կողքից: Չգիտեմ` ինչու, չգիտեմ` որտեղից, յուրաքանչյուրդ ներքին ինքնավստահություն ունեք, որ ամեն դեպքում դուք պահեստային ելք գիտեք: Կարո՞ղ եմ հարցնել` ո՞րն է ձեր ելքը: 
Կասե՞ք ինձ` ո՞նց եք պատկերացնում ձեր երկիրը 10 կամ 20 տարիներ հետո, և ձեզ այդ ժամանակ տեսնու՞մ եք:
Մի տեսակ հարցականները շատ էին չէ՞, իսկ ու՞ր են Ձեր միջի հարցականները, ինչո՞ւ եք դրանցից խուսափում, ինչո՞ւ:
Ախր ակներև է, ամեն բան ակնհայտ երևում է, ինչո՞ւ եք գլուխներդ ջայլամի պես մտցնում հողի մեջ ու մտածում, որ ձեզ ոչ մեկ չի վնասի: Ախր ձեզ օգտագործում են, ձեզ վիրավորում են, հոշոտում են ձեզ, ձեզ վաճառում են ու գնում:
Ու ի՞նչ եք դուք անում, պայքարո՞ւմ եք թե՞ արդեն համակերպվել եք: Միայն չմտածեք, որ պայքարելը փողոց դուրս գալն է կամ ոստիկան ծեծելը, ոչ ոք ձեզանից նման բան չի պահանջում: Բայց երբ ընկերներով, մտերիմներով հավաքվում եք իրար գլուխ, փարթիներ ու եվրոպական «ազատ
» միջոցառումներ պլանավորելուց բացի, մի քիչ էլ այս թեմայով զրուցեք, տեսեք՝ ձեզ մոտ ստացվո՞ւմ է խոսել նման թեմաներից, թե արդեն բթացել եք, բթացել եք այն աստիճան, որ մոռացել եք ձեր սեփական տունը, այո՛, հենց տունը: Սթափվե՛ք, հայե՛ր, ձեր հաճույքներով մի ապրեք միայն, տունը փուլ է գալիս, մնում ենք անտուն:

Մի քանի տող էլ մտահոգներին գրեմ:
Շնորհակալ եմ ձեզ, ի սրտե շնորհակալ եմ, շնորհակալ եմ, որ չեք կորցնում ձեր հույսը այս անհույս դարում, որ ամենքդ անում եք, մի բան անում եք..
Գիտեմ՝ դժվար է, դժվար է վաստակել գրոշներ, դրանով տուն պահել ու դա մեկտեղել ինչ-որ միջոցառում կազմակերպելով, նվիրված մի հերոսի կամ մի գրողի, կամ, չգիտեմ, մեկն ուսուցողական արշավներ է կազմակերպում, մեկը խորացել է գրքերի մեջ, մեկը Ոռաբլուրում հսկա դրոշ է պատրաստում, մյուսը..., մյուսը ուսուցողական կայք է հավաքում, մեկն էլ դուրս է եկել փողոց անճարությունից: Տեսնում եմ, այդ ամենի մեջ փիլիսոփայություն եք փնտրում, ելքի ճանապարհներ: Հավատացած եղեք՝ դուք ճիշտ եք, դուք կհաղթեք: Ապա մի նայեք Մասիսին, նա ձեզ ժպտում է:
Իսկ են մոլորված դմբո հասարակությանը, որ անհոգ իր օրն է վայելում, շատ մի դատեք, նրանք նման են երեխաների, չեն հասկանում, մի զլացեք յուրաքանչյուրին բացատրեք, առանձին-առանձին, ցույց տվեք ձեր մտահոգությունը, բացեք ձեր հոգին նրանց առաջ ու նրանք կտեսնեն, կհասկանան, նրանք վատը չեն, ախր նրանք էլ են հայ...
Սիրե՛ք միմյանց, հայեր...