Հայտնվել ենք մեր ձեռքով լարած թուրքական թակարդում


00:56 , 10 հուլիս, 2014

Մոտենում է ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ու դեռ հետ չեն կանչված Շվեյցարիայում քնած 2009թ. ստորագրված «Հայ-թուրքական» ազգադավ պրոտոկոլները, միտված իբր սահմանի բացմանը, որն այդպես էլ երազանք մնաց մեր իշխանությունների համար, իսկ արդյունքում Հայոց ցեղասպանությունը գերտերությունների կողմից դրվեց մե՜ծ հարցականի տակ... Թուրքիան օգտվեց մեր չեղած դիվանագիտությունից, և այդ պրոտոկոլներն այս տարիներին իր սև գործն արեցին ու այսօր էլ առավել վտանգավոր է նրանց գոյությունը ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ... ՈՒզում եմ իմ սեփական կարծիքն հայտնել կապված «Հայ-թուրքական սահմանները բացվելու» հետ, բոլոր նրանց համար, ովքեր տառապում են սահմանների բացման հիվանդագին սինդրոմով. միշտ ասել եմ՝ սահման, որպես այդպիսին գոյություն չունի. այն մեր հողն է, իսկ Տրապիզոնը մեզ համար աշխարհի հետ անարգել հաղորդակցվելու, առևտուր անելու ու հզորանալու միակ գրավականը: Վստահ եմ, որ մեր ավելորդ շտապողականությունից օգտվում է թուրքը: Հետո մի նուրբ խնդիր գոյություն ունի. բոլոր դեպքերում մենք պետք է սպասենք հայկական հարցի՝ մեր արևմտյան հողերի ճակատագրի լուծմանը: Անգամ մտքիս ծայրով չեմ ուզում անցկացնել, որ այս սահմանները բացվելու են առանց մեր պահանջատիրական հարցերը լուծվելու... Ի՞նչ մնում է սահմանի բացումը, ավելի շատ ու՞մ է ձեռնտու կամ ո՞վ առավել օգուտ կքաղի, դրա համար պիտի այսօր լավ ծանր ու թեթև անենք ու գայթակղությունների գիրկը չնետվենք. նախ հետևանքների, հետո՝ օգուտ վնասի մասին մտածենք: Այնքան ենք ազգ ու տակով երազում այդ չարաբաստիկ սահմանի բացման համար, որ թուրքն էլ իրեն քաղցրացնում է ու պահանջներ է որ դեմ է տալիս (Ադրբեջանի տարածքային ամբողջականություն) ու կարծիք ձևավորում, որ մենք առանց սահմանի բացման կոչնչանանք աշխարհի երեսից: Ես ավելի շատ հակված եմ Իրանի հետ շփումների խորացման. երկաթգծի, նավթամշակման գործարանի կառուցման, էներգակիրների ներկրման..Բոլոր դեպքերում սահմանի բացման վնասներն ավելի շատ են լինելու, քան՝ օգուտը: Փակ սահմանի դեպքում էլ անգամ ողջ Հայաստանը մեծ շուկայի է վերածվել բաց երկնքի տակ ու բացարձակապես, 90% թուրքական ապրանքներն են գերիշխում: Առանց այդ էլ Լևոնի օրոք գործարանները թալանվեցին. հիմա, եթե մի երկու գործարար գործ են սկսել, սրանց գործին է անմիջապես հարվածելու, իսկ ողջ ազգը դառնալու է չարչի. Թուրքիան արտադրի, հայը վաճառի: Սահմանի բացումը ավելի շատ գործարար օլիգարխներին ավելի շատ հարստանալու, որ Թուրքիայից էժան ապրանքներ ներկրեն, իսկ հասարակ քաղաքացին չի զգա դրա առավելությումը: Հետո ամենավտանգավորն այն է, թուրքը, որտեղ իր ոտքը դրեց, տուն-տեղ է առնելու, oբյեկտներ, խանութներ, օֆիսներ... հազիվ է մեր հողը մաքրվել դրանցից, էլի բերելու են կապեն մեր վզին ու տարիներ անց հայից էլ շատ թուրքն է լինելու հենց բուն Հայաստանում: Սա է լինելու հայկական իրականությունը բաց սահմանի դեպքում. մոռացա ասել ամենակարևորը՝ մեր ԲՈՒՀ-երն էլ կփակվեն, ինչպես անկախությունից հետո էր, երբ պրոֆեսորը սեղանիկի առաջ կանգնած առևտուր էր անում: Եթե մեր հայ լոբբիստներն ակտիվ աշխատած լինեին, մինչ Օբամայի՝ նախագահ նշանակվելը, ու մանրակրկիտ ինֆորմացիայով ապահովեին Բուշին, Օբամային, որ այդ տարածքները, որտեղ Ամերիկյան ռազմաբազաներն են՝ առանձնապես խոսքս վերաբերվում է Դիարբեքիրին (Տիգրանակերտ), հուշեին նրան, որ մեր տարածքներն են ու հետ ստանալուց հետո հարկ չի լինի Ամերիկային կախվածություն ունենալ Թուրքիայից, քանզի բազաները ավտոմատ կհայտնվեն հայկական հողի վրա, ինչպես Բուշին ասել էր բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկը, երբ Բուշը Իրաքին հարվածելու համար Թուրքիայից խնդրեց Դիարբեքիրի ռազմաբազաները, Թուրքիան թույլ չտվեց՝ մերժեց, Ֆիսկը գրեց. «Եթե դու ցեղասպանությունը ճանաչած լինեիր, հիմա ոչ թե թույլատվություն պիտի խնդրեիր էրդողանից, այլ՝ Ռոբերտ Քոչարյանից, ու չէիր մերժվի»: Վերջում գրել էր Բուշի համար. «Թուրքիայից վախենում է. Սպիտակ տան մուկը»: Մեր լոբբիստների աշխատանքը բավարար համարել չի կարելի, հույսները դրել են, որ օտարները իրենց փոխարեն պայքարեն ու պահանջեն, ինչու՞ է թյուր կարծիք ստեղծվել, թե թեկուզ Բուշը կամ Օբաման Հայկական հարցի մանրամասներին քաջ տեղյակ են ու ինֆորմացիայի պակաս չունե՞ն: Ինչու՞ հակիրճ բրոշյուրներ չեն տպագրվում ու թռուցիկի տեսքով տարածվում կոնգրեսում, Եվրապառլամենտում... որ Հայոց ցեղասպանության համախոհների ու աջակիցների թիվն ավելանա: Տեղեկատական պատերազմն այսօր ավելի շահեկան վիճակում է, քան մեր համեստ կեցվածքով ուրիշի՝ օտարի ողորմածությությանն ապավիանելը, ասես ողորմություն ենք հայցում: Թուրքը լինելով ցեղասպան ազգ (հայեր, ասորիներ, հույներ, քրդեր, ալավիներ...) նա կարողանում է իր լոբիստական ակտիվ քարոզարշավով դեռ մի բան էլ հային ցեղասպան ներկայացնել աշխարհին. բրոշյուրներ, ֆիլմեր, CD-ներ տարածելով: Այսօր թուրքական վերին էշելոնը նույն քաղաքականությունն է վարում երկրի ներսում ու մնացել է իր կարծր, հայատյաց կեցվածքի կրողը: Արդեն մոտ հարյուր տարի է անցել ցեղասպանությունից, սակայն թուրքն էությամբ նույնն է մնացել... Նույն ստի ու կեղծիքի մեջ շաղաղված թուրքական կառավարությունն է, որոնք պարկուճված իրենց նախնիների պատյանի մեջ, մե՜ծ ճիգեր են գործադրում աշխարհին քաղաքակիրթ, ժողովրդավար ներկայանալու, բայց, ավա՜ղ... Թուրքիայի ամեն քայլը հաշվարկած է. քանզի հմուտ դիվանագետներ են: Մեր ղեկավարները Արա Պապյանի, Արմեն Այվազյանի մոտ քաղաքագիտության դասեր պիտի անցնեն, այլապես վտանգված է մեր վաղվա օրը: Թուրքը հայի խելքը բնութագրող մի հանճարեղ խոսք ունի. «Հայի եդվա (վերջին) խելքն ինձ լիներ»: Սա այս դեպքն է. փոշմանելու ենք, բայց շատ ուշ կլինի ու սրբագրել որևէ բան մեզ այլևս չի հաջողվի: Դիվանագիտություն կոչվածը շախմատային գիտություն է, որ ամեն քայլը երկար ծանր ու թեթև անելուց հետո պետք է ֆիգուրը տեղաշարժել, մի երկու անզգյուշ քայլ. շախումատը պատրաստ է: Մեր արտաքին դիվանագիտությունը պետք է ներկայացնի խոհեմությամբ, աչալրջությամբ, սթափ մտածելու կարողությամբ, մեծ զգոնությամբ ու զգուշավորությամբ, ճկուն արտաքին քաղաքականությամբ օժտված պրոֆեսիոնալ դիվանագետը. ոչ թե Էդվարդ Նալբանդյանի նման դիվանագետը, որը կարողացավ ազգի թիկունքին Շվեյցարիայում 2009թ. ապրիլի 22-ի կեսգիշերին «ճանապարհային քարտեզի» տակ ստորագրել ու նորից նույն տարում՝ հոկտեմբերի 10-ին, ստորագրել «Փոխադարձ սահմանների ճանաչում» խայտառակ արձանագրությունները, որը մինչև հիմա Շվեյցարիայում քնած է ու ապակողմնորոշում է աշխարհի բոլոր պետություններին՝ հարցականի տակ դնելով Հայոց Մեծ եղեռնը: Հայրենասեր դիվանագետը իր պորտֆելից կհրաժարվեր, բայց այս ազգադավ պրոտոկոլների տակ իր ստորագրությունը չէր դնի... Այլապես սահմանի բացմումը պատրվակ է մեր նախագահի ու արտգործնախարարի համար կոծկելու իրենց ազգադավ քայլերը ու չունեն քաջություն, որ խոստովանեն, որ հայտնվել են սեփական ձեռքերով լարած թուրքական թակարդում...