Ինչո՞ւ Ադրբեջանի ռազմական ավանտյուրայի հարցը չենք դնում ՌԴ-ի առաջ, որպես ընդհանուր սահմանների հարց. Ստյոպա Սաֆարյան


12:57 , 28 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում խորհրդակցություն չի հրավիրում՝ Ադրբեջանի ռազմական դիվերսիոն ավանտյուրաների հարցը քննարկելով որպես կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ երկրների ընդհանուր սահմանների դեմ գործողություն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ հիշեցնելով. «2011 թվականին երկարացված հայ-ռուսական պայմանագրով՝ սահմանների համատեղ պաշտպանության հարցը դրված է, նաև Ադրբեջանի հետ: Այսինքն՝ բոլոր սահմանների պաշտպանության հարցը»:

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր սահմանային Մովսես, Այգեպար գյուղերը ինտենսիվ  կրակոցների են ենթարկվել, շատ ավելի ինտենսիվ, քան վերջին շրջանում:

Ստյոպա Սաֆարյանը ԵԱՀԿ գործող ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին պաշտպանության նախարարի մակարդակով ինչ-որ բան հասկացնելը վնասակար չի համարում, ինչպես և այս հարցով հասարակական լսումներն ու մնացած քննարկումները, բայց կրկին հիշեցնում է, որ Հայաստանն ունի ռազմավարական գործընկեր, որը ստանձնած պարտավորություններ ունի ՀՀ սահմանների նկատմամբ:

Արդեն կեսկատակ-կեսլուրջ Ստյոպա Սաֆարյանը նկատեց. «Մեր քայլերից մեկն էլ պետք է լինի Ռուսաստանի դեսպանին սահման տանելը, որ լսի կրակոցները, ասում է, չէ՞, որ ես չեմ լսել»:

Ավելի ընդհանուր, «Ժառանգության» անդամը տեսնում է ադրբեջանական դիվերսիաներին համալիր մոտեցումներով ու եղանակներով հակազդելու նոր մարտավարության անհրաժեշտություն:

«Որովհետև միայն ռազմական եղանակով ու մեր Պաշտպանության նախարարություն ջանքերով հրադադարի պահպանումը հնարավոր չէ, այսինքն՝ սիմետրիկ պատասխաններով, որ իրենք հարձակվում են, մենք մեկին տասը պատասխանենք և այլն»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ