Մենք չենք կարող միջազգային հանրությանը բացատրել, որ գնացել էինք մեր զինվորի վրեժը լուծելու, բայց...


10:52 , 22 մայիս, 2014

Մայիսի 20-ին, դժբախտաբար, հերթական անգամ մենք լսեցինք մեզ համար չափազանց ցավալի լուր ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծից: ԼՂՀ Պաշտպանության բանակը տարածեց հայտարարության, ըստ որի՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման առաջնագծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1994թ.-ին ծնված ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը: Անհնար է նման լուր լսելուց հետո մնալ անտարբեր և հերթական անգամ չհուզվել մեր մարտական կորուստների համար: Սրան Ի պատասխան՝ մեր համապատասխան պաշտպանական կառույցների ղեկավարները (ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում) մշտապես խոստանում են վրեժխնդիր լինել և մի քանի անգամ ավելի մեծ կորուստներ պատճառել թշնամուն: Ինչ խոսք, նման միջոցառումները ոչ մի կերպ չեն կարող վերադարձնել որևէ ծնողի իր զավակին, սակայն, Ադրբեջանի կողմից նման հանցագործություններն անպատիժ թողնելն էլ իր հերթին անթույլատրելի է:

Հիմա տեսեք՝ քիչ առաջ ադրբեջանական մամուլը սկսեց շրջանառել մի տեղեկատվություն, ըստ որի՝ իբր հայկական զորքերը Ֆիզուլիի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը և դիվերսիոն խումբ են ուղարկել Ադրբեջան: Ըստ նույն այդ տեղեկատվության՝ ադրբեջանական զորքերն իբր կարողացել են կասեցնել մեր զորքերի առաջխաղացումը, որի հետևանքով հայկական կողմը կորուստներ է ունեցել, իսկ իրենք՝ ընդամենը երեք վիրավոր:

Այն, որ մեր կողմը կարող է և դիմած լինել «պատժիչ գործողությունների», ես այդքան էլ չեմ կասկածում, սակայն կասկածում եմ, որ գրանցված արդյունքն իրականում այն է, ինչ ադրբեջանցիք են ասում: Ես գրեթե վստահ եմ, որ քիչ հետո հայկական կողմը՝ լինի պաշտպանության նախարարության, թե պաշտպանության բանակի միջոցով կհերքի ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը և կասի մոտավորապես հետևալ բովանդակությամբ մի տեքստ` «հայկական կողմին հաջողվել է կանխել թշնամու կողմից հերթական դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով ադրբեջանական կողմն ունեցել է բազմաթիվ զոհեր և կորուստներ»: Այլ կերպ ասած՝ սրանով ինչ-որ տեղ մենք կհաստատենք այն փաստը, որ մենք իրոք անցել ենք շփման գիծը, սակայն վերոնշյալ մեկնաբանությամբ կխուսափենք դատապարտումից: Փորձեմ ավելի հստակ բացատրել:

Տեսեք, բանն այն է, որ մենք չենք էլ կարող բացեիբաց ասել, որ ձեռնարկել ենք որևէ ուժային քայլեր ընդդեմ Ադրբեջանի և առավել ևս չենք կարող միջազգային հանրությանը բացատրել, որ գնացել էին մեր Արթուրի վրեժը լուծելու, սակայն, փոխարենը կարելի է դրան տալ մեկ այլ ձևակերպում, որից, ըստ էության, մեզ համար ընդունելի բովանդակությունը չի փոխվի:

Կարճ ասած՝ սպասենք մեր բանակի հայտարարությանը կամ էլ մեկնաբանությանը պատահածին, որովհետև, չգիտես, թե ինչու, բայց ինձ ինչ-որ բան հուշում է, որ Ադրբեջանի երեք վիրավորներից բացի, մի քանի օր հետո կսկսեն ևս մի քանի հոգի մահանալ «տարատեսակ պատճառներից»՝ սկսած հիվանդություններից վերջացրած ավտովթարներից…