Քո միջի «թուրքին» հաղթիր, աղջի՛կս...


03:17 , 27 ապրիլ, 2014

Գոհար Սիմոնյան. Քո միջի «թուրքին» հաղթիր, աղջի՛կս...

Ilur.am-ը գրում է.

Ազգը, որը չի ուզում մեռնել, չի՛ մեռնի երբեք:

Անատոլ Ֆրանս

Ես հասկանում եմ՝ մենք չունե՛նք մեղավոր լինելու նույն պատճառը, ինչ թուրքերն ունեն, բայց հաստատ անհրաժեշտ է, որ ավելի երջանիկ  լինենք: Ընդ որում՝ ազատվելով բոլոր այն կարծրատիպերից ու «մտավոր ֆանտոմներից», որ ներարկվել են մեզ՝ բոլոր այս տարիների ընթացքում:

Երեկ ամբողջ օրը մտածում էի՝ երբ դուստրս հարցնի դարասկզբին մեզ հետ պատահածի մասին, ի՞նչ եմ պատմելու նրան: Ինչպե՞ս եմ բացատրելու՝ ինչու՞ տեղի ունեցավ Մեծ Եղեռնը: Ինչո՞ւ ինքը կամ, իր փոխարեն՝ նա, ով կծնվեր՝ չծնվեց Կարսում ու Վանում, որտեղից իր արմատներն են սկիզբ առնում: 

Արդյո՞ք խնդիրը միայն ատելություն էր մեր նկատմամբ՝ ինչպես պնդում է Ազնավուրը, եւ կամ՝ «ստոր ազգի իռացիոնալ վարքը»: Կարճ ասած՝ թուրքի թրքությունը:

Ինչպե՞ս բացատրեմ. որտե՞ղ էինք մենք, ո՞ւր էին մեր տղամարդիկ, ինչո՞վ էր զբաղված եկեղեցին, այսպես կոչված՝ քաղաքական էլիտան, մտավորականությու՛նը վերջապես:

Ինչպե՞ս հնարավոր եղավ նոխազի նման մեզ զոհասեղանին դնել: Որո՞նք էին Ցեղասպանություն ծնող հոգեբանական, մշակութային, տնտեսա-քաղաքական ու պատմական պատճառները: Հնարավո՞ր էր վերացնել դրանք՝ քեզնից նաեւ Հետեւանքը մեկդի վանելով, որ ոչ այնքան միլիոնավոր զոհերն էին, որքան՝ Հայրենազրկու՛մը...

Սրանք հարցեր են, որոնց ես կամ պատասխան չունեմ, կամ մասա՛մբ կարող եմ պատասխանել: Ընդ որում՝ ի՛նքս էլ երբեմն կարծրատիպերին «զոհ դառնալով» եւ դժվարանալով «սիրել թշնամուս»՝ դրանով նրա գլխին կրակի կայծեր դիզելով: Ինչպես Ավետարանն է ինձնից «պահանջում»՝ որպես ճշմարիտ քրիստոնյա:

Շարունակե՞մ Ցեղասպանությունը նրա համա՛ր էլ «դարձնել Աշխարհիկ Կրոն», ինչպես իմ դեպքում է պատահել, թե՞ խրախուսեմ դրսում պատահած թուրք մանուկների հետ նրա խաղը՝ բացատրելով, որ Ցեղասպանությունների «մեխանիկան»  վերեւից ներքեւ է ձգվում, ոչ թե հակառակը: Որ հասարակ թուրքը, ինչպես նաեւ՝ հայը, հնարավոր է, որ դաժան մեկը լինի, բայց ո՛չ երբեք «ցեղասպան»:

Դաստիարակեմ նրան իբր «պահանջատե՞ր»՝  խրախուսելով երբեւէ իրեն չներարկված, բայց արյամբ փոխանցված միտքը, թե «Կարսն ու Վանը մեր հեռու՜-հեռու տուներն են», թե՞ մերժելով մերժեմ «Ճշմարիտ ազգի պատմական իմպերատիվը»:

Չգիտե՛մ:

Իսկապե՛ս չգիտեմ՝ ինչ եմ ասելու եւ ինչպես եմ բացատրելու արդեն պատահածից հետո Կարսի հանձնումը, եւ ինչպես եմ թաքցնելու խեղճությունս, որ մեծավ մասամբ իմը չէ, այլ պաթոսի ու խեղճության մեջ թաթախված մեր գիտական մտքի՛նը: Հայագիտություն եւ պատմագիտություն կոչվածինը, որ միայն Տիգրան Մեծի «շվաքի տակ է իրեն լավ զգում»՝ չօգնելով ազգին, նրա մո՛րը: Անտերության ու «ինքնագործունեության» մատնելով ցայսօր «վիկտիմազացված» սերունդներին:

Փակուղի՞ է, ուրեմն:

Ոնց որ թե՝ ո՛չ:

Որովհետեւ եթե չես հասկացել «դժբախտության մեխանիկան», դա դեռ չի նշանակում, թե երջանկությունն ընդհանրապես անհնար է:

Չգիտեմ, այո՛, ինչ կասեմ երեկվա, բայց գոնե հստակ է, թե ինչ եմ ասելու Վաղվա՛ վերաբերյալ:

Սա Հայաստանի Հանրապետությունն է՝ քո տունը, քո հարստությունը, քո հպարտության առարկան:

Ուժեղացրու՛ այն, կարգի բեր ներսուդուրսը, միլիմետր առ միլիմետր սիրով պատիր այն եւ  մերժի՛ր բռնությունն ամբողջ հոգով, որովհետեւ ոչ մի տարբերություն չկա՝ քեզ թրքական բե՞յն է սպանում, հարստահարում, ստորացնում ու գաղթի ճամփան բռնել տալիս , թե՞ Բաղրամյան 26-ում նստած «հայը»:

Քո ներսի Ազատությամբ լցրու այս երկիրը՝ ասելու եմ, եւ միայն այն դեպքում, երբ բավարար պինդ կլինես ու հաջողակ, անդրադարձիր անցյալի՛դ:

Գուցե այն ժամանակ քո Կարսն ու Վանը վաղվա իրակա՛ն տունդ դառնան, ոչ թե ողբի ու անեծքի առարկա:

Քո միջի «թուրքին» հաղթիր, աղջի՛կս..