Գրել` նշանակում է քողազերծել աշխարհն ու միաժամանակ այն առաջակել որպես պարտականություն ընթերցասերի մեծահոգությանը: Գրել` ասել է թե դիմել այլոց գիտակցությանը` ընդունելու էականը որպես էության ամբողջություն: Գրել` նշանակում է ցանկանալ ապրել այդ էականը միջնորդ մարդկանց կողմից: Սակայն ինչպես իրական աշխարհի մի մասն իրեն գործողության մեջ է դրսևորում, այնպես էլ մյուս մասը չափն անցնում է` այն փոփոխելու համար: Վիպասանի աշխարհն անմտություն կարտահայտեր, եթե չբացահայտվեր հեղինակի գերազանցելիությունը: Դա հաճախ է նկատելի եղել: Պատմության մեջ նպատակն իր գոյության իմաստը բխեցնում է ոչ թե նրան վեր հանող նկարագրությունների քանակից և երկարությունից, այլ տարաբնույթ կերպարների միջև առկա բարդ կապերից: Էլ ավելի էական կթվա, եթե գրողն ավելի հաճախ տնօրինի կերպարը. այսինքն վերցնի, հետո թողնի` կտրուկ անցում կատարելով մյուս կերպարներին` յուրաքանչյուրին տալով իրենց հանգուցալուծումը: Ինչպես առասպելական աշխարհում, այսինքն՝ մարդկանց ու իրերի ամբողջության մեջ, առավելագույնն իրականացնելու համար հարկ է, որպեսզի ընթերցողի համար բացահայտված քողազերծում-արարումը լինի նաև երևակայական պարտավորվածությամբ դրսևորված գործողություն. այլ կերպ ասած` որքան ավելի մեծ լինի փոխելու ցանկությունն, այնքան այն ավելի կենդանի կլինի: Ռեալիզմի մոլորությունն է կարծել, որ ճշմարիտը երևան է գալիս դիտելով ու, հետևաբար, ճշմարիտը կարող էին անմասն պատկերել: Արդյո՞ք այդպես հնարավոր կլիներ, քանզի ինքնին ընկալումը կողմնապահ է, որովհետև միայն նրա ներկայությունն արդեն իսկ իմաստի փոփոխություն է ենթադրում: Եվ ինչպե՞ս գրողն, ով համընդհանուրի հավակնորդն է, կարող էր ցանկանալ անարդարություններ պարունակող աշխարհի մեջ լինել: Այնուամենայնիվ պետք է լինի: Սակայն նույնիսկ այն դեպքում, եթե գրողն ընդունում է լինել անարդարության ստեղծողն, ապա դա կայանում է անարդարության գերազանցմամբ`ուղղված իր իսկ ոչնչացմանը: Ինչ վերաբերում է ինձ` ընթերցողիս, ապա եթե ստեղծում ու պահպանում եմ անարդար աշխարհի էքզիստենցիալ պայմաններն, ուրեմն չեմ կարող անել այն, ինչի համար որ պատասխանատու չեմ: Եվ հեղինակի ամբողջ արվեստն ինձ պարտավորեցնում է կերտել այն, ինչ նա քողազերծում է, հետևաբար դա նշանակում է ինձ վտանգի ենթարկել: Երկուսով` ընթերցողն ու հեղինակը. ահա թե ովքեր են ստանձնում աշխարհի պատասխանատվությունը: Ու հաստատապես, որովհետև այդ աշխարհը կանգուն է մեր երկուսի ազատության միացյալ ջանքերով, և որ հեղինակը փորձեց իմ միջնորդությամբ այդ աշխարհ ներգրավել մարդկայինը: Պետք է, որպեսզի այդ աշխարհն իրապես ի հայտ գա ինքն իր մեջ, ավելի խորը շերտերում` կարծես մաս առ մաս անցնելով և ազատությամբ նեցուկ լինելով, որի վերջնական նպատակը մարդկային ազատությունն է: Ու եթե այն վերջ չունի, որը պետք է ունենար, անհրաժեշտ է, որպեսզի գոնե դեպի ազատություն տանող մի փուլ լինի. մի խոսքով, պետք է, որպեսզի այն լինի իրագործելի ու միշտ հաշվի առնվի և ներկայացվի ոչ թե որպես մեր վրա ուղղված ջախջախիչ մի գավազան, այլ որպես այդ վախճանների հանգրվանի գերազանցության տեսանկյուն: Անհրաժեշտ է, որ մեծահոգության տեսք ունեցող այդքան չար ու անհույս ստեղծագործությունը լեցուն լինի մարդասիրությամբ: Անկասկած, այդ մեծահոգությունը պարտավոր է արտահայտվել ուսանելի ելույթներում կամ էլ լսելի լինի առաքինի մարդկանց շուրթերից. այն նույնիսկ չպետք է լինի կանխամտածված և բնական է նաև, որ չպետք է լավ տպավորություններով լեցուն մի գիրք լինի: Ավելին`այն պետք է արտահայտի գրքի սյուժետային գիծը, բովանդակությունը, որտեղ կերտված են հերոսներն ու գործողությունները: Ինչպիսին էլ որ լինի գրքի բովանդակությունը, ամենուր պարտավոր է հանդես գալ թեթևության պես մի բան և հիշեցնել, որ ստեղծագործությունն երբեք բնականից տրված չէ, այլ` պահանջմունք և շնորհ: Ու եթե ինձ տալիս են այս աշխարհն իր բոլոր անարդարություններով հանդերձ, դա ոչ թե այն պատճառով, որ ես դրանց սառը բանականությամբ եմ նայում, այլ երևակայությամբս կենդանացնում, քողազերծում և ստեղծում` իրենց իսկ անարդարությամբ հանդերձ. այսինքն`փաստացի չարաշահման բացառում: Այսպիսով, գրողի աշխարհն իր խորությամբ կքողազերծվի միայն ընթերցողի քննությամբ, հիացմունքով և վրդովմունքով, և վեհանձն սերը խոստացված է ներկային, վեհանձն զայրույթը` փոփոխման, հիացմունքը` նմանակման: Չնայած դրան, գրականությունը բարոյականության արտահայտման մի ձև է` իմպերատիվ գեղագիտության խորքում մենք վեր ենք հանում իմպերատիվ բարոյականությունը: Քանի որ նա, ով գրում է, ճանաչում է, անգամ գրելու ողջ դժվարության փաստը գիտակցելով, իր ընթերցասերների ազատությունը, և քանի որ նա, ով կարդում է, միայն գիրքը բացելու փաստը, որն էլ ենթադրում է ճանաչել գրողի ազատությունը, արվեստը, և ընդունում մարդկանց վստահությունն առ ազատություն: Ու քանի որ ինչպես ընթեցողներն, այնպես էլ հեղինակներն ընդունում են ազատությունը նրա միայն դրսևորումը հանդուրժելու համար` ստեղծագործությունը նույնչափ կարող է սահմանվել որպես երևակայական աշխարհի ներկայացում, որչափ որ մարդկային ազատություն է պահանջում: Սևամորթների գրականություն չկա, որովհետև որքան էլ մուգ լինեն աշխարհը գունավորող գույները, դա արվում է այն պատճառով, որպեսզի մարդիկ զգան այդ աշխարհի առջև իրենց սեփական ազատությունը: