Հեղափոխություն է պետք


12:43 , 14 փետրվար, 2014

Հեղափոխություն է պետք։
Ծայր անհրաժեշտություն է հեղափոխությունը։
Կաշառք չտալու հեղափոխություն։
«Կաշառք տամ, որ կաշառք վերցնեմ»- սա է մերօրյա մարդկության ներքին հիմնական թելադրանքը։
Կաշառք տվողները շնորհակալություն են հայտնում, որովհետև իրենց շնորհի չափանիշն է կաշառքը։
Ընտրությունից ընտրություն, մեծ կաշառքներ տալու սովոր հանրությունը մանր կաշառակեր է դառնում։
Կաշառք տալը կյանքը շտապեցնելու փորձ է, որի հետևանքը լինում է կյանքի դադարը՝ իրադարձությունների կրկնության մեջ։
Կաշառքը շռայլ ողորմություն է ողորմելիի կողմից ողորմելուն։
Կաշառք տալիս են կյանքից առանձնացածին՝ կյանքից առանձնանալու համար։
Կաշառք վերցնողը մուրացիկից տարբերվում է նստավայրով։
Կաշառքը վախով են տալիս ու վախով վերցնում։
Կաշառում և կաշառվում են ծուլությունից։
Կաշառք տալիս են հեզաբար՝ հպարտ դառնալու համար։
Կաշառք տալն ու վերցնելը վերածվել է ծիսական արարողության, որի ժամանակ անամոթը օգնում է ամոթխածին ազատվել ամոթից։
Կարծես թե «կաշառել» բառի նշանակությունը լինի «անամոթի ԿԱՇի ԱՌնել»։
Կաշառք վերցնելու համար բարի դեմք են ընդունում, որ վախվորած կաշառատուն չխրտնի։