Ադրբեջանը «օլիմպիական տրյուկի» դիմեց


13:48 , 8 փետրվար, 2014

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը Twitter-ում գրառում է արել այն մասին, որ օլիմպիական խաղերը դիտվում են որպես մեծահոգության ստուգում, սակայն ինչպես երևում է, դա «վերաբերում է բոլորին, բացի հայերից»` ակնարկելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ առաջնագծում հրադադարի ռեժիմի կանոնների խախտման արդյունքում ադրբեջանցի զինծառայող է սպանվել: 

Բացի այն, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել էին տարածված լուրը` դրանք որակելով որպես ապատեղեկատվություն, կան մի քանի կարևոր հանգամանքներ, որոնք առնվազն ի ցույց են դնում Ադրբեջանի կողմից փաստերի ու իրադարձությունների սխալ համադրումն ու խեղաթյուրումը:

Առաջին. չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանցի պաշտոնյան պնդում է, որ զինծառայողը սպանվել է օլիմպիական խաղերի ժամանակ, Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն` «միջադեպը» տեղի է ունեցել ոչ թե փետրվարի 7­-ին, այլ փետրվարի 6-­ին՝ ժամը 18:40-­ի սահմաններում:

«Միջադեպի» մեկ այլ անորոշ դրվագ վերաբերում է «միջադեպի վայրին»: Որպես կանոն, առաջնագծում արձանագրվող միջադեպերի կամ դրանց առանձին դրվագների վերաբերյալ ադրբեջանական կողմը ներկայացնում էր դեպքի կոնկրետ ուղղությունը` ղարաբաղա­ադրբեջանական զորքերի շփման գիծ կամ հայ­ադրբեջանական սահման, նաև` կոնկրետ բնակավայրը, որի ուղղությամբ տեղի է ունեցել միջադեպը:

Փաստ է, որ այս «միջադեպի» հետ կապված` պաշտոնական հաղորդագրությունը ներկայացրել է մի շարք անորոշ պնդումներ, որոնք լրջորեն կասկածի տակ են դնում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության ճշմարտացիությունը:

Չի բացառվում, որ զինծառայողը, ում որպես «օլիմպիական զոհ» են փորձում ներկայացնել, իսկապես սպանվել է հայ դիպուկահարի կրակից, սակայն ակնհայտ է, որ դեպքը տեղի ունեցել շատ ավելի վաղ, քան ներկայացվում է: Միգուցե, այդ զինծառայողը սպանվել է հունվարի 19-ի լույս 20­-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի ու դիպուկահարների սադրանքները կանխարգելող գործողության արդյունքում, իսկ դիակը պահվել է և ներկայացնել որպես «թարմ դեպք»: 

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության վերաբերյալ, իր Twitter-յան էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը. «Լրատվամիջոցները հայտնում են սահմանագծին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին: Ի՞նչ պատահեց օլիմպիական զինադադարին»: 

Ամերիկացի համանախագահի մտահոգությունը մի կողմից, իհարկե, հասկանալի է` հաշվի առնելով համանախագահների վերջին տարածաշրջանային այցն ու դրա արդյունքում ձեռք բերված «օլիմպիական պայմանավորվածությունը»:
Մյուս կողմից, ամերիկացի դիվանագետը բավականին զգույշ ու նուրբ մոտեցում է դրսևորել Ադրբեջանի ՊՆ տարածած պաշտոնական հաղորդագրության հարցում այն իր գրառման մեջ ներկայացնելով որպես` «լրատվամիջոցների հայտնած հաղորդագրություն»: 

Ամեն դեպքում այնպես չէ, որ Ադրբեջանից եկող լուրերը` նույնիսկ պաշտոնական հաղորդագրությունների կարգավիճակով, «հալած յուղի» պես ընդունվում են միջնորդների կողմից:

Ի վերջո, Ադրբեջանի գործելաոճը, որը վերջին 20 տարվա ընթացքում միայն տակտիկական փոփոխություններ է կրել, լավագույնս հայտնի է կոնֆլիկտը ուսումնասիրող ու դրա կարգավորմամբ զբաղվող շրջանակների համար: Այս պարագայում, դժվար է միանշանակ կարծել, որ ադրբեջանական «օլիմպիական տրյուկը» ծառայի իր նպատակին: