Ազգային գաղափարախոսություն. գերագույն նպատակ սահմանելու փորձ


15:05 , 4 փետրվար, 2014

Նախորդ քննարկման ժամանակ փորձել էի ձևակերպել «գաղափարախոսություն» եզրը (ազգայնականի տեսակետից), ինչպես նաև մի քանի հարց էի բարձրացրել ու խնդրել ձեր կարծիքներն արտահայտել դրանց մասին։ Կարծիքներ շատ եղան, բայց բուն հարցերին պատասխանող շատ քիչ էին։ Այնուամենայնիվ, քննարկումն օգտակար էր, որովհետև ստիպեց մի քանի անգամ լավ մտածել թե´ ձևակերպումների, թե´ «որ կողմից է պետք սկսել» թեմայով։

Ըստ այդմ եկա եզրակացության, որ պետք է սկսել ամենահեռավոր (կամ, գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ գերագույն) նպատակից, որին պիտի ձգտենք, եթե ուզում ենք, որ «լավ ըլնի» ;)

Փորձեմ ձևակերպել իմ համար «պատկերացնելի ապագայի» գերագույն նպատակը...

Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում հայ ժողովրդի լիարժեք ներկայության վերականգնում։

Այո, այսքան պարզ, առանց որևէ ահասարսուռ, ամպագոռգոռ կամ հուզիչ տարրերի։ Բայց պարզությունը թվացյալ է, այդ պատճառով լրացուցիչ մեկնաբանությունների կարիք կա (և, կարծում եմ՝ դեռ շատ կլինի)։

Ինչպես և նախորդ անգամ նշեմ, որ առայժմ սա շատ հում, կառուցողական քննադատության կարոտ գրառում է և «այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու»։

Մեկնաբանությունները, բնականաբար, ողջունելի են։