Մասնակցել եմ ԵԽԽՎ 4 լիագումար նիստի, և ունեցել եմ ոչ թե 1, այլ 5 ելույթ


17:31 , 22 հունվար, 2014

Ուզում եմ նշել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում աշխատանքի հիմնական բովանդակությունը ամենևին էլ լիագումար նիստում ունեցած ելույթները կամ դրանց քանակը չեն, այլ շատ ավելի ծավալուն գործունեություն, որը ներառում է քաղաքական խմբերում ներկայացվածությունը, (ելույթներ, դիրքորոշումներ, որոշակի բանակցություններ՝ կոնկրետ հարցի հետ կապված), հանձնաժողովների աշխատանքներին մասնակցություն (զեկույցների ուսումնասիրություն, առաջարկությունների ներկայացում, ելույթներ հանձնաժողովում), համագործակցություն տարբեր պատվիրակությունների տարբեր անդամների հետ և այլն: Ուստի պատվիրակի աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը հրապարակային ելույթները համարելը նշանակում է մակերեսային պատկերացում ԵԽԽՎ-ի աշխատանքի մասին:
Հ.Գ. Անգամ եթե որոշ լրատվամիջոցների, կամ թերևս կոնկրետ լրագրողի համար, դա է աշխատանքի գնահատման ցուցանիշը և ծախսված գումարի արդյունավետության մասին դատողություն անելու հիմքը, ապա պարզապես մի ճշգրտում (գուցե լրագրողի համար հաշվելը բարդ է եղել), որը առանձնապես խորը վերլուծական միտք և ջանքեր չի պահանջում: Ես մասնակցել եմ ԵԽԽՎ 4 լիագումար նիստի, և ունեցել եմ ոչ թե 1, այլ 5 ելույթ՝ տարբեր հարցերով: Եվս 2 ելույթի հերթագրված եղել եմ, սակայն հերթս չի հասել՝ ԵԽԽՎ կանոնակարգին համապատասխան կատարված բաշխման արդյունքում: