65 տարեկաններին վարկ չեն տալիս՝ նույնիսկ ավանդի հաշվին


14:33 , 22 հունվար, 2014

Վանաձորցի  կենսաթոշակառու Ռաֆիկ Սահարյանը 2013թ. մայիսին ՎՏԲ բանկում գումար է ներդրել՝ 1 տարի ժամկետով, 13 տոկոսով, որպեսզի «սև օրվա» համար պետք գա: Բայց այդ «սև օրն» ավելի շուտ է եկել, քան պայմանագրի ժամկետը լրանալը, ու նրան վիրահատության համար գումար է պետք եկել: Դիմել է բանկին՝ խնդրելով ավանդի հաշվին  վարկ ձևակերպեն, բայց պատասխանել են, որ իրենք որոշում են ստացել, որ 65 տարեկանից բարձր քաղաքացիներին վարկ չտան: «Պայմանագրի ժամկետը դեռ չի լրացել, մի քանի ամսից պետք է լրանա, և այդ ընթացքում գումար հանելու դեպքում ես կորցնում եմ, քանի որ գումարը տոկոսով չեն կարող հետ տալ: Վարկ էլ չեն ձևակերպում, ասում են՝ 65 տարեկանից բարձրերին չենք կարող վարկ տալ»-տեղեկացրեց իմ զրուցակիցը: Առայժմ մեզ չհաջողվեց պարզել, թե որքանո՞վ է օրինական 65 տարեկանից բարձրերին վարկ չտալը, եւ, հետաքրքիր է՝ արդյո՞ք բոլոր բանկերն են նման որոշմամբ առաջնորդվում:              

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ